Նախատեսվում է ավտոկայանատեղիներում գծանշման գույնի և ձևի փոփոխություն կատարել. նախագիծ
Նախատեսվում է ավտոկայանատեղիներում գծանշման գույնի և ձևի փոփոխություն կատարել: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 13-ի նիստին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս:
Ներկայումս չի կարգավորվում ըստ գոտիականության և ծառայողական ավտոկայանատեղիների կազմակերպման համար դրույքաչափերի սահմանման գործընթացը: Օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարությանը վերապահել վճարովի ավտոկայանատեղիների գետնանշման առանձնահատկությունները:
«Նախագծի ընդունման արդյունքում կդյուրացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի և ձևի վերաբերյալ փոփոխությունների իրականացման գործընթացը, կբարձրացվի ՏԻՄ-ի կողմից առաջացող խնդիրների արագ կարգավորման հնարավորությունը, կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղիների տարբերակված գունանշումը, ինչպես նաև հնարավոր կլինի իրականացնել տարբերակված դրույքաչափերի կիրառման մեխանիզմը՝ ըստ գոտիականության»,- ասաց Սիմոնյանը:
Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ենթաօրենսդրական ակտերն այս նախագծով առաջարկվում է ընդունել 3 ամսվա ընթացքում:
«Գույների և ձևերի փոփոխություն է լինելու, որովհետև այսօրվա գործող օրենսդրությամբ կոնկրետ գույն է նշված, և այդ գույնը կարմիրն է: Սա, կարծում ենք, վերանայման կարիք ունի, դրա համար համապատասխան առաջարկով Կառավարությունը հանդես է եկել»,- նշեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է վճարման չափերին, ապա երբ գոտիավորումն իրականացվի, համայնքի ավագանու որոշմամբ կսահմանվեն տարբերությունները, թե որ դեպքում ինչ վճար կգանձվի:
«Բայց առավելագույն վճարների չափերն արդեն իսկ սահմանված են»,- ասաց նա: