Նախատեսվում է սահմանափակել ոչ սպանդանոցային մսամթերքի շրջանառությունը. նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ նիստում
««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքնում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը քննարկվել է հունիսի 13-ի ԱԺ նիստում:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մաչմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանի խոսքով՝ ներկայացված նախագծով ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են սննդի շղթային փուլերում մշակել, վերամշակել, բաշխել, պահել, պահպանել, փոխադրել, ներմուծել, հանրային սննդի ծառայություններում օգտագործել, մատակարարել և իրացնել բացառապես սպանդանոցային կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք և կենդանական ծագման հումք:
Նախատեսվում է կենդանիների ոչ սպանդանոցային մորթ թույլատրել միայն որսորդության և ձկնորսության ժամանակ արտաքին և ներքին գործիքների ազդեցությունից կենդանիների առողջական վիճակի, ֆիզիկական և ֆունկցիոնալ լուրջ անվերականգնելի խանգարումներով պայմանավորված, անասնաբույժի ցուցումով կենդանիների անկումը բացառելու նպատակով անձնական սպառման համար, այդ թվում` կրոնական և այլ ընդունված ծիսակատարությունների նպատակով, եթե տվյալ կենդանին ենթարկվել է սահմանված հակաանասնահամաճարակային միջոցառումների:
Սահմանվում է նաև վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք հայտնաբերելու դեպքում կասեցնել ամբողջ խմբաքանակի իրացումը, կայացվում է առգրավման և ոչնչացնելու որոշում:
Հարակից զեկուցող, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը նշել է, որ նախագծի նպատակը ոչ սպանդանոցային մսամթերքի շրջանառության սահմանափակումն է, որն ուղիղ առնչություն ունի բնակչության առողջության հետ: Նա կոչ է արել կողմ քվեարկել օրենքների նախագծերի փաթեթին: