Ադրբեջանական կրակոցներից Երասխում վիրավորված հնդիկների կյանքին վտանգ չի սպառնում
Պաշտպանության նախարարությւոնը հայտնել է թշնամու արձակած կրակոցների պատճառով Երասխի հատվածում վիրավորում ստացած երկու օտարերկրացիների անունները։ Նրանք են՝ Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը։
Նրանք ներառված էին Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի շինաշխատանքներում։
Առողջապահությյան նախարարությունն էլ հայտնում է, որ վիրավորում ստացածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Արարատի ԲԿ տնօրենը հայտնել է, որ վիրավորները վիրահատվել են, կյանքին վտանգ չի սպառնում։
Վիրավորումը ստացել են մեկը կրծքավանդակի, մյուսը՝ ուսահոդի շրջանում։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ նախ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածել է ապատեղեկատվություն, թե ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, դրանով ստեղծել է տեղեկատվական հիմք, ապա, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։