Հայտնի է՝ ովքեր են Երասխում վիրավորում ստացած օտարերկրացիները
Այսօր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Երասխում վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը միջին ծանրության է:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 14-ին, ՊՆ-ից հայտնել են, որ ժամը 11:45-ի սահմաններում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:
Երասխում կառուցվող գործարանի և քաղաքացիական նշանակության շարժական գույքի ուղղությամբ հակառակորդի կրակոցների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ում վարույթ է հարուցվել:
Հունիսի 13-ին՝ ժամը 18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմում տուժածներ չկան:
Երեկ՝ հունիսի 13-ին, Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ` կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները: