Անցած տարվա ընթացքում գնաճը պայմանավորված է եղել թե՛ առաջարկով, թե՛ պահանջարկով: Ազգային ժողովի՝ հունիսի 15-ի նիստին այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին, թե ինչով է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0,25 տոկոս իջեցումը ցածր գնաճի ֆոնին: Ըստ պատգամավորի դիտարկման՝ ԿԲ-ն ագրեսիվ կերպով վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց, բայց հիմա, երբ հակառակ միջավայրն է, ինչո՞ւ չի իջեցնում, արդյոք նոր ռիսկե՞ր են տեսնում գնաճային և կայունության խախտման:

Ըստ Մարտին Գալստյանի՝ պահանջարկի հիմնական բաղադրիչն արտածին է եղել:

«Այսինքն՝ մենք ունեցել ենք ներհոսք միջազգային այցելուների, որոնք պահանջարկ են ձևավորել Հայաստանի ապրանքների և ծառայությունների նկատմամբ, որի արդյունքում մենք տեսնում ենք, որ մինչև հիմա նույնիսկ, ես նշեցի, հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների գնաճը 8,7 տոկոս է»,- ասաց նա, ապա հավելեց. «Փորձեցի տրամաբանորեն բացատրել՝ ինչու է ԿԲ-ն ավելի զուսպ տոկոսադրույքն իջեցնելու պարագայում: Որովհետև մենք չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է»:

Ինչ վերաբերում է առաջարկի գործոններին, ապա Մարտին Գալստյանը հիշեցրեց, որ անցած տարվա ընթացքում եղել է դրվագ, երբ միջազգային ապրանքահումքային ապրանքները և բնամթերքը թանկացան, որոնք առաջարկի գործոններն էր, և որոնց վերաբերյալ ԿԲ-ն պիտի որոշակի դրսևորումներ ունենար: Ըստ ԿԲ նախագահի՝ դրանով էր պայմանավորված դրամավարկային քաղաքականության ուղղությունը:

«Հիմա, բնականաբար, եթե ունենք արտաքին այցելուների աճ երկիր, ավելանում է արտարժույթի մուտքը երկիր, որը, բնական պահանջարկի և առաջարկի օրենքի համաձայն, այն երկրներում, որտեղ կա ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն, պիտի արժևորի նոմինալ փոխարժեքը, բայց հորդորս և խնդրանք այն է, որ նոմինալ փոփոխականներով դատողություններ չանենք, որովհետև նոմինալ փոփոխականները ոչ մի բանի մասին չեն խոսում»,- ասաց նա, ապա հավելեց, որ երբ խոսում ենք փոխարժեքի արժևորման կամ արժեզրկման մասին, ԿԲ-ն միշտ ցիտում է իրական արդյունավետ փոխարժեքը, որը ոչ միայն նոմինալ փոխարժեքի ֆենոմեն է հաշվի առնում, այլև գործընկեր երկրներում գնաճի ֆենոմենը, և մեր առևտրի տեսակարար կշիռը այդ գործընկեր երկրների հետ:

«Եթե այդ ցուցանիշն եք նայում, ապա նոմինալի նկատմամբ մենք ունեցել ենք շատ ավելի զսպված արժևորում»,-ասաց ԿԲ նախագահը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն