Այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Նշվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան։ Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը։ Նրանց ստիպել են վերադառնալ Ստեփանակերտ:

Բացի դրանից, չեղարկվել է հումանիտար հրատապ կարիքներից ելնելով այսօր նախատեսված Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղևորափոխադրումը, որը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների կողմից:

Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:

«Արցախի Հանրապետության իշխանությունները հերթական անգամ արձանագրում են, որ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում տեղադրված ապօրինի ադրբեջանական անցակետն ինքնին մեծագույն վտանգ ու խոչընդոտ է Արցախի և Հայաստանի միջև ազատ տեղաշարժի ապահովման հարցում: Այսօրվա միջադեպը վերստին հաստատում է այդ վտանգների ու խոչընդոտների առկայությունը՝ լրացուցիչ կերպով սպառնալիքի տակ դնելով Արցախի ժողովրդի սուր հումանիտար կարիքների համար նույնիսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից մարդկանց ու բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը:

Արցախի իշխանությունները վերահաստատում են իրենց դիրքորոշումը, որ անհապաղ ու անվերապահ կերպով պետք է ապահովվի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված Լաչինի միջանցքի ռեժիմը առանց ադրբեջանական որևէ միջամտության, ինչպես նաև պետք է կատարվի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումն այդ հարցի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այսօր՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն