Սերբիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են երեք ալբանացու, որոնք Կոսովոյի հատուկ նշանակության ուժերի աշխատակիցներ են՝ հայտնել են սերբական լրատվամիջոցները: Նշվում է, թե խումբն ուղարկվել է Սերբիայի տարածք՝ հատուկ առաջադրանքով։ ԶԼՄ-ների տվյալով՝ ձերբակալվածների մոտ հայտնաբերել են զենք, ռադիոկապի միջոցներ և քարտեզներ։

Սերբիայի նախագահը հայտարարել է, որ կոսովցիները հայտնաբերվել են սերբական տարածքում՝ Կոսովոյի հետ սահմանից 1.8 կմ հեռավորության վրա: Ալեքսանդր Վուչիչը մեղադրել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիին՝ հակամարտություն հրահրելու համար: Կուրտին էլ պահանջել է ազատ արձակել կոսովցի զինվորականներին։ Նա պնդել է՝ սպաները գտնվել են Կոսովոյի տարածքում՝ Սերբիայի հետ սահմանից 300 մետր հեռավորության վրա: Վարչապետը մեղադրել է սերբական ուժերին Կոսովո ներխուժելու համար:

Միջադեպից հետո Կոսովոյի կառավարությունից հայտնել են, որ որոշում է կայացվել ուժեղացնել սահմանային հսկողությունը և արգելել սերբական պետհամարանիշներով մեքենաների մուտքը շրջան:

Տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին ԵՄ-ն հայտարարել է, որ մտադիր է սահմանափակել Կոսովոյին տրամադրվող ֆինանսավորումը և դադարեցնել բարձր մակարդակի այցերը: «Չնայած մեր կոչերին` Կոսովոյի վարչապետ Կուրտին չկարողացավ վճռական քայլեր ձեռնարկել՝ թուլացնելու լարվածությունը»,- ասել է արտաքին ծառայության խոսնակ Պետեր Ստանոն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն