Այսօր՝ հունիսի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գ․ Հասրաթյան փողոցի 11 հասցեում գտնվող բենզալցակայանի հետնամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Ա․ Սուրադինն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի մեջքի հատվածում կա կտրած-ծակած վերք։ Մինչ ոստիկաններն ու քննիչները աշխատում էին դեպքի վայրում, «Արմենիա» բժշկական  կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզում են, որ վիրավորը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Մ․ Լինդոնն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գ․ Հասրաթյան փողոցից։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները օպերատիվ ժամանելով դեպքի վայր, Գ․ Հասրաթյան փողոցի 10/9 հասցեի հարևանությամբ՝ հենց տեղում վնասազերծել են Հնդկաստանի Հանրապետության մի քանի քաղաքացիների, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր, մի քանիսի հագուստները՝ պատառոտված։

Դեպքի փաստով՝ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀԿԳ ավագ քննիչ Ժ․ Հովհաննիսյանի որոշմամբ՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզել են ոչ միայն կռվի մասնակից բոլոր հնդիկների, այլև սպանություն կատարողի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն