Մոտ 10 օրից նոր տրոլեյբուսները կհայտնվեն փողոցներում
Նոր տրոյելբուսների մաքսազերծման աշխատանքներն սկսվում են, ավագանու նիստից հետո 7-10 օրվա ընթացքում դրանք կհայտնվեն Երեւանի փողոցներում: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական նիստի ժամանակ:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե տրոլեյբուսների երկրորդ խմբաքանակը մոտավորապես, երբ կգա Հայաստան, ինչին Տրանսպոևրտի վարչության պետի պաշտոնակատար վազգեն Հարությունյանը պատասխանեց, որ պայմանագրով 6 ամիս է նախատեսված մատակարարման ժամկետը:
Նշենք, որ տրոլեյբուսներն ունեն 12 մետր երկարություն, ցածրահատակ են և հարմարեցված նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Սրահում տեղադրված են տեսախցիկներ, առկա է անլար համացանց:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում նախորդ գործակարգավարական նիստի ժամանակ՝ հունիսի 5-ին, հայտարարվել էր, որ 15 նոր տրոլեյբուսներից 12-ն արդեն Երեւանում են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի քաղաքապետարանն իր միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15 տրոլեյբուս ձեռք կբերի ՀՀ կառավարության աջակցությամբ։
Այժմ աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տրանսպորտային պարկի թարմացման ուղղությամբ։ Մայրաքաղաքի բնակիչներին մինչև տարեվերջ կսպասարկեն 87 MAN մակնիշի ավտոբուսներ (105 նստատեղ) և 150 հատ 8,6 մետր երկարությամբ Zhong Tong ավտոբուսներ ( 60 նստատեղ):