Երևանի քաղաքապետարանը Կադաստրի կոմիտեի հետ կկազմակերպի քննարկում՝ Կոնդ թաղամասի բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման և սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով: Կհայտարարվի թաղամասի վերակառուցման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության ներքո:

«Սա քաղաքապետարանի ամենակարևոր ծրագրերից է, և համայնքը պետք է նախաձեռնող լինի:

Միաժամանակ, ընթացքում են մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծման 2-րդ և 3-րդ փուլերի աշխատանքները: Շուտով մրցույթ կհայտարարավի նաև Սուրմալուի մերձակայքում նոր կայարանի շինարարության նախագծի համար:

Շենգավիթի «Համալիր մարզաձևերի մարզադպրոց»-ում համայնքային միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագիրն իրատեսական դարձրեց տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրների լուծումը: Փուլ առ փուլ կյանքի կոչվող նախագծով նոր ու հարմարավետ պայմաններ են ապահովվել և ապահովվում մարզական օջախի մեծ և փոքր մարզադահլիճներում: Շուրջ 6500 քմ տարածք զբաղեցնող կառույցի հիմնանորոգումից բացի, հաջորդ քայլով միջոցներ կձեռնարկվեն նաև մարզադպրոցին պատկանող հարակից տարածքի լողավազանը վերակառուցելու համար:

Համայնք-մասնավոր գործակցությամբ կհիմնանորոգվի նաև գեղասահքի նախկին մարզադպրոցը: Վերակառուցման ծրագրի ավարտից հետո մարզական օջախը կկոչվի «Երևան քաղաքի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոց» :

Մայրաքաղաքի կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելու նպատակով ընդհանուր առմամբ այս տարի մայրաքաղաքում 14 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի:

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ընթացքում է «Հաղթանակի» կամրջի վերանորոգումը: Նախագծով ամբողջությամբ կարդիականացվի նաև կամրջի արտաքին լուսավորության ցանցը, մալուխները կտեղափոխվեն գետնի տակ, բացի այդ էլ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար կտեղադրվի երկու վերելակ: Աշխատանքներն ամբողջությամբ նախանշվում է ավարտել օգոստոսի վերջին: Տիգրան Ավինյանը հանձնարարել է դիտարկել նաև «Կիևյան» կամրջի հիմնանորոգման ծրագիրը:

Համայնքային միջոցներով գնված 15 տրոլեյբուսից բացի, հավաքակայանը կհամալրվի ևս 15 նոր ու ժամանակակից շարժակազմով. արդեն իսկ կա հաղթող մասնակից: Ընդհանուր առմամբ 76%-ով կլուծվի վերգետնյա էլեկտրատրանսպորտի առկա շարժակազմի թարմացման խնդիրը:

Դալմայի այգիների շուրջ 200 հա տարածքում նախատեսվում է նոր անտառապատ այգի կառուցել:

Տիգրան Ավինյանը տեղեկացրել է նաև, որ կենդանաբանական այգու ընդլայնումը համայնքը դիտարկում է նույն՝ այգու ներկայիս տարածքում. կուսումնասիրվի հաշվեկշռում առկա հարակից գոտիներն օգտագործելու հնարավորությունը:

«Ակտիվ քաղաքացի» հարթակում առաջին նախագիծը, որ կդրվի հանրային քննարկման, «Մերգելյանի» այգու վերակառուցումն է: Զեկուցվել է, որ կա երկու փաթեթային առաջարկ, և բնակիչները կորոշեն, թե որ տարբերակն են նախընտրում:

Մայրաքաղաքում այս շաբաթ ամբողջությամբ կավարտվի փողոցների փոսալցման գործընթացը. մնացել է շուրջ 600 քմ ծավալի աշխատանք: Զեկուցվել է, որ սպառվել է 148 տոննա ասֆալտ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն