Եթե այս մարդու ձեռքից չբռնենք, նույնիսկ 1915թ․ Ցեղասպանությունը «մանկական զբոսանք» կթվա
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«2020 թվականի նոյեմբերի առաջին օրերից սկսած՝ գիշերային ժամերին, Երևանի ցանկացած բնակիչ կարող էր լսել երկնքում պտտվող ինքնաթիռների ձայները։ Դա Ռուսաստանն էր Հայաստան տեղափոխում զինտեխնիկա ու անձնակազմ, որը մի քանի օրից պետք է ուղարկվեր Արցախ՝ խաղաղապահ գործունեություն իրականացնելու։
Պատերազմի դադարեցման, ռուս խաղաղապահների տեղակայման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ոչ թե 2020 թվականի նոյեմբերի 9-ին, այլ ռուսական ռազմական կոնտինգենտի տեղափոխումը երկիր սկսելուց մի քանի օր առաջ (ավելին, Ռուսաստանը պատրաստ էր զորքեր և տեխնիկա ուղարկել Արցախ արդեն 2020 թվականի հոկտեմբերի առաջին օրերին, և այդ հարցով աշխատում էր հայ գործընկերների հետ, սակայն, ի վերջո, որոշ մարդիկ ընտրություն կատարեցին՝ Շուշին Ադրբեջանին թողնելու օգտին, և չընտրեցին այն տարբերակը, որով Շուշին դարձնելու էին հայկական կողմի վերահսկվողության գոտում գտնվորղ խաղաղապահների տեղակայման բազա):
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի ծնվել ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԳԻՇԵՐԸ, դրա ստորագրմանը պետությունների ղեկավարների կողմից նախորդել է հսկայական աշխատանք, որի էությունը վերաբերում էր ոչ այնքան հենց Ղարաբաղին, որքան Հայաստանի շուրջ անվտանգության նոր ճարտարապետությանը։
Գործընթացը, որի մեջ այսօր ներքաշել է Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը, շատ առումներով հիշեցնում է վերը նկարագրվածն այն համատեքստում, որ իրականում այսօր արևմտյան հարթակներում բանակցային գործընթացն ընթանում է տարածաշրջանի նոր անվտանգային և լոգիստիկ ճարտարապետության շուրջ, և ոչ մի կապ չունեն Արցախի ապագայի հետ։
Եվ դրա մասին վկայող իրադարձությունների շղթան դժվար չէ ֆիքսել.
- Փաշինյանի կողմից 2022 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի սուվերենության ճանաճումն Արցախի նկատմամբ,
- ԵՄ դիտորդների մուտքը Հայաստան,
- «4-օրյա բանակցային մարաթոն Վաշինգտոնում» և արդյունքում` «տարածաշրջանային անվտանգության համակարգի» ստեղծման կարևորության մասին հայտարարություն,
- Բեմադրված «փոխհրաձգություն» Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև ԵԱՏՄ նիստին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ՝ նախապես համաձայնեցված 2 նոր եռակողմ հայտարարությունների ստորագրումը խափանելու նպատակով,
- Փաշինյանի այցը Թուրքիայի` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը,
- Հայտարարություններ, թե «Հայաստանի բոլոր սահմանները պահպանվելու են հենց ՀՀ ուժերի կողմից» (ինչը ենթադրում է անգամ ռուս սահմանապահների դուրսբերում հայ-թուրքական սահմանից),
- Հայաստանի տեղեկատվական դաշտում ռուսական միջնորդական և խաղաղապահ առաքելության նպատակային վարկաբեկումը,
- ՀՀ խորհրդարանի կողմից «Հռոմի կանոնադրությունը շուտով վավերացնելու մտադրության մասին հայտարարությունը», որի մասին տեղեկացանք Ստեփանակերտի վրա պաշտոնական Վաշինգտոնի կողմից ճնշումների մասին տվյալների գաղտնազերծումից անմիջապես հետո,
- Հայտարարություններ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի փաստացի դադարեցման մասին,
- Հայտարարություններ այն մասին, որ «հայրենասիրության ներկայիս մոդելը դրսից է պարտադրվում Հայաստանին» (այսինքն՝ ԽՍՀՄ-ից, այսինքն՝ Մոսկվայից),
- Հայտարարություններն այն մասին, որ 102-րդ ռազմակայանը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, քանի որ հարևանները դա համարում են իրենց համար վտանգ,
- Հայտարարություններ այն մասին, որ «Հայաստանը անվտանգության երաշխիքներ է փնտրում հենց տարածաշրջանում»,
- Հայտարարություններ, թե «Հայաստանի Հանրապետության զինանշանը ոչ մի կապ չունի բուն Հայաստանի հետ»։
Եվս մեկ անգամ նշենք, որ վերը նշվածը Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական ճարտարապետության պատրաստման գործընթաց է, այլ ոչ թե «Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին բանակցություններ»։ Արցախը Փաշինյանը համաձայնել է հանձնվել դեռ 2022 թվականի հոկտեմբերին:
Բերեցի 44-օրյա պատերազմի ժամանակ նույն ճարտարապետության պատրաստման հետ կապված դրվագը, որպեսզի դուք ինքներդ էլ կարողանաք զուգահեռներ անցկացնել այս երկու գործընթացների միջև։
Այն ուղին, որով այժմ Փաշինյանը տանում է Հայաստանը, դա լիակատար և անվերապահ կապիտուլյացիան է՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ տարածաշրջանային ռազմաքաղաքական միության ձևավորման քողի ներքո։
Բայց արդյո՞ք Փաշինյանը սա չի հասկանում, թե՞ պարզապես գաղափարական ռուսաֆոբ ու արցախաֆոբ է։
Նա և՛ գաղափարական է, և՛ ամեն ինչ հիանալի հասկանում է։ Սակայն, եթե գործընթացը դիտարկեք իշխանության պահպանման տրամաբանության տեսանկյունից, ապա կհասկանաք, որ միայն թուրքական Հայաստանում (առանց Արցախի, առանց Իրանի հետ սահմանի, ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս եկած, առանց ՌԴ 102-րդ ռազմաբազայի, առանց ռուս սահմանապահների հայ-թուրքական սահմանին և առանց բազայի ու սահմանապահների փոխարինող երաշխիքների, առանց Արարատի մեր երկրի զինանշանի վրա, սպառազինության և անձնակազմի սահմանափակումներով բանակի, ներողություն է խնդրած «Հայոց ցեղասպանության միֆը» ուռճացնելու և այլնի համար) Փաշինյանն ունի քաղաքական ապագա։
Ամբողջ «խոտանը» միայն նրանում է, որ Փաշինյանին այս թուրքական Հայաստանի երկարատև գոյության երաշխիքներ չեն տալիս ո՛չ Բրյուսելում, ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Անկարայում և ո՛չ էլ Բաքվում (հիշեք Էրդողանի ամենավերջին հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասին, Բաքվի հայտարարությունները «սահմանազատումը» ՈՉ 1975 թվականի քարտեզների համաձայն անելու մասին, և Դուք կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը)։
Տեքստը ծավալուն է ստացվել, բայց այս ամենը ֆիքսելը շատ կարևոր է։ Եվ երբ վերը նկարագրված ամեն ինչի շրջանակներում հնչում են հայտարարություններ, որոնք բացառապես բարոյական գնահատական են տալիս Փաշինյանի գործողություններին, հայտարարություններ, թե, օրինակ, «Փաշինյանն իրավունք չունի վաճառել մարտի դաշտում ընկած հազարավոր զինվորների արյունը», անկեղծորեն տպավորություն է ստեղծվում, որ նման հայտարարություններ անողները չեն հասկանում տեղի ունեցողի բարդությունն ու քաղաքական բաղադրիչը։
Փաշինյանի համար չկան «կարմիր գծեր», որոնք չեն կարող հատվել իշխանություն ձեռք բերելու և այն պահպանելու ճանապարհին (և 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների վերլուծությունը շատերին պետք է հստակ ազդակ տար այս մասին), բայց մեր քաղաքական վերնախավը, ըստ երևույթի, ցանկանում է ամեն ինչ բաց տեքստով լսել ու հետո միայն հասկանալ, թե ինչ է կատարվում և սկսել խուճապի մատնվել արդեն իսկ տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ...
Եթե այս մարդու ձեռքից չբռնենք, ապա ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլ նույնիսկ 1915 թվականի Ցեղասպանության իրադարձությունները բոլորին «մանկական զբոսանք» կթվան, և կարևոր է, որ հայ քաղաքական և գործարար վերնախավը սա հասկանա:
Այս ամենի թյուրըմբռնումը, ինչպես երևում է, պայմանավորված է նաև նրանով, որ մեր կոլեկտիվ մտածողության ամբողջ համակարգը, իրականությունը նկարագրելու լեզուն և, վերջապես, հաղորդակցման մեխանիզմները մնացին 2020 թվականի սեպտեմբերի 26-ի մակարդակին։ Իսկ «2020 թվականի նոյեմբերի 10-ի» իրականությունը չնկատելը կարող է մեզ բոլորիս դատապարտել «1915 թվականի ապրիլի 24-ի առավոտվա» կրկնությանը»։