Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո փորձում է իրացնել իր առավելագույն օրակարգը եւ այդ ճանապարհին ջանք չի խնայում ՀՀ իշխանությունների նկատմամբ սպառնալիքների եւ շանտաժի քաղաքականություն վարելու ուղղությամբ: Այս մասին զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Այսօր սահմանագծի մի քանի ուղղություններով տեղի ունեցած զարգացումները դրա մասին են խոսում: Հիմնական ուղղություններն ուրվագծվում են՝ Սոթք, Կոռնիձոր եւ Երասխ: Այս փուլում շարժառիթը եղել է Կոռնիձոր գյուղի հարակից հատվածում, հայաստանն Արցախին կապող միջանցքում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես, Ադրբեջանի կողմից դրոշի տեղակայումը, որը հայկական կողմն արդեն իսկ հայտարարել է, որ դա ՀՀ տարածքում է: Լարվածությունն այս փուլում մի կողմից արտահայտվում է հրադադարի ռեժիմի խախտումներով, մյուս կողմից թշնամու զորքերի որոշակի շարժերով, կուտակումներով, որոնք բնականաբար, ավելի շատ խոսում է լարվածության նոր ռիսկերի մասին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա կարծիք հայտնեց, որ լայնածավալ գործողությունների հավանականությանը շատ բարձր չի համարում, որովհետեւ Ադրբեջանը մեծ առումով, իր հիմնական պահանջների բավարարմանը հասել է, ՀՀ իշխանությունը դրա մասին հայտարարել է. «Իսկ այս փուլում Ադրբեջանի ագրեսիան նպատակ ունի մինչեւ վերջ հասցնելու իր առաջ դրված նպատակների իրացումը: Չեմ կարծում, որ Ադրբեջանն այս պահին նպատակահարմար է համարում այդպիսի մեծ գործողությունների գնալու, որովհետեւ դա արդեն կասկածի տակ կդնի մնացած պայմանավորվածությունները, որոնք շատ նպաստավոր են Բաքվի համար: Կարող են լինել լոկալ գործողություններ լոկալ խնդիրների լուծման համար, ինչը չի բացառում որեւէ փուլում գործողությունների մասշտաբայնացում»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն