Երեւանի կրկեսը փակվեց մոտ 12 տարի առաջ։ Ի լուր ամենքի հայտարարվեց, որ «Տաշիր» ընկերությունը որոշել է իր հաշվին նոր կրկես կառուցել` հին կրկեսի տեղում, որը կլինի ժամանակակից եւ աշխարհի լավագույն կրկեսներին չի զիջի: Շենքում շինարարական աշխատանքները սկսվել են 2011 թվականին՝ քաղաքապետարանի ու «Տաշիր» ընկերությունների խմբի միջեւ կնքված համաձայնագրով։ Սկզբում որոշված էր ընդամենը վերանորոգել շենքը։ «Երեւանյան կրկես» ՍՊԸ-ն, որը կառուցում է կրկեսը, ստանձնել էր 650 մլն դրամի ներդրումային պարտավորություն, որի շրջանակներում ընդամենը հիմնանորոգում պետք է իրականացվեր, սակայն ընթացքում որոշվեց նոր շենք կառուցել, իսկ հինը քանդել։ Ներդրումային գումարը հասավ մի քանի մլրդ դրամի։ Պարբերաբար նախագծեր էին փոխվում եւ շինարարության ավարտի նոր ժամկետներ էին հաստատվում։ Ի սկզբանե նախանշված էր, որ կրկեսը շահագործման կհանձնվի 2015 թվականին։ Բայց նախագիծը փոխվեց, ու ամեն տարի բացումն ավելի էր երկարաձգվում։ Պարբերաբար պարզվում էր, որ նախագծերը թերի են, նորերն էին հաստատվում։ Իսկ թե ինչպես էին նախագծերը հաստատվում, եթե խնդրահարույց էին, չէր բացատրվում։

Այժմ նորից ասում են, որ Երեւանի կրկեսի նոր շենքի շինարարությունը մոտենում է ավարտին։ Հասել են աթոռների տեղադրման փուլին։ «Արդեն աթոռներն են դնում, մինչեւ տարվա վերջ շենքը կհանձնվի շահագործման»,- հայտնում է Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ Սոս Պետրոսյանը։ Նոր շենքի դահլիճում շուրջ 2 հազար 300 նստատեղ է լինելու, այն ավելի բարձր է լինելու, քան հին կրկեսը, եւ այլ նորամուծություններ։

Իսկ ի՞նչն էր շինարարությունն այսքան ուշացնելու եւ 12 տարի երեւանցիներին կրկեսից զրկելու պատճառը, պատասխանատուներն ընդամենը հայտնում են, որ բարդ շինարարություն է, եւ այդ պատճառով հեշտ չէ այն ավարտելը։ «Տաշիր գրուպը» մի անգամ նույնիսկ տուգանվել է` ներդրումների թերակատարման համար, 80 մլն դրամով։ Բայց կառավարությունն ամեն տարի նոր որոշումներ է ընդունել` նոր ժամկետներ է հաստատել։ Իսկ շինանձնակազմն այս տարիներին անընդհատ պատմում էր, որ, ահա, շուտով շենքը կհանձնվի շահագործման, կրկես գնալու հաճույքից զրկված երեւանցիներին հեքիաթներ էր պատմում, թե ինչ լավն ու գեղեցիկ է լինելու նոր կրկեսը։ Շինարարության ավարտը չէր երեւում, մանուկների մի քանի սերունդ այս ընթացքում մեծացավ` չիմանալով, թե ինչ է կրկեսը։ Իսկ շենքն արդեն քանի տարի վերածվել է գովազդային վահանակի, որի վրա «Տաշիր գրուպի» գովազդն է պտտվում։

Վերջին անգամ, որպես շինարարական աշխատանքների ավարտ, հայտարարվել է 2021 թվականի վերջը։ «Երեւանյան կրկես» ՍՊԸ տնօրինությունը հայտարարում էր, որ շուտով կունենանք տարածաշրջանի լավագույն կրկեսը, որ մնացել է լուսային, ձայնային սարքավորումներ բերել, տեղադրել՝ Եվրոպայից, Չինաստանից։

Պատմում էին, որ նոր կրկեսը հնից անհամեմատ լավն է լինելու՝ ապակյա մի շինություն, բազմաֆունկցիոնալ գմբեթով, որից կկախվեն լույսեր, ճոպաններ ու ձայնային կոնստրուկցիաներ։ Անցավ 21 թվականը եւ էլի 2 տարի, բայց կրկեսն այդպես էլ չբացվեց։ Թե որքան գումար է ծախսվել շենքի վրա մինչ օրս՝ գաղտնիք է։ Քաղաքապետարանը չի ցանկանում խոսել թեմայի շուրջ՝ հորդորելով դիմել «Տաշիր գրուպ» ընկերությանը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնեցին․ «Կրկեսի շենքի շինարարությունը ժամկետի մեջ է»։  «Տաշիր գրուպից» պատասխան ստանալը, պարզվեց, բավականին անիրական բան է։ Այս ընկերությունը հասանելի չէ լրագրողների համար։ ԿԳՄՍ նախարարությունից` մշակույթի հատվածից էլ պատասխանում են, որ շենքի շինարարության հետ կապված՝ նախարարությունը գործառույթ չունի, այսինքն՝ լվացել է ձեռքերը։ «Մեր նախարարությունն ի սկզբանե համաձայնություն էլ չի տվել կրկեսի հետ կապված գործընթացներին»,- հայտնեցին ԿԳՄՍՆ-ից։ Որ մենք կրկես ենք ունեցել, որը չի գործում արդեն 12 տարի, սա կապ չունի՞ նախարարության հետ։ «Ոչ, այնտեղ շինարարության խնդիր է, մենք նախագծերը չենք հաստատել, ոչ էլ  համաձայնեցրել ենք։ Դա արել են քաղաքապետարանն ու քաղաքաշինության կոմիտեն»,- ասում է ԿԳՄՍՆ մամուլի խոսնակը։

Ստացվում է, որ որեւէ օլիգարխ, եթե կապեր ունի իշխանության հետ, կարող է Երեւանի սրտում ահռելի շենք վերցնել, վերացնել պետական հաստատությունը, ինչպիսին էր կրկեսը, տարիներով վիժեցնել դրա գործունեությունը, զրկել մանուկներին երազանքից։ Իսկ պետական մարմիններն ի զորու չեն լինի մի թթու խոսք անգամ ասել օլիգարխին, քանի որ նրա բարյացակամությունն իրենց շատ է պետք։

Հուսանք, որ կրկեսի շինարարությունն իսկապես մոտ է ավարտին, եւ մենք առաջիկայում ականատես կլինենք այդ հաստատության բացմանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն