Հայաստանում հրավառություն կլինի միայն տոն օրերին. հարսանիքներում այլեւս հրավառություն չի լինելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է կանոնակարգել հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումն ու առևտրի իրականացման ոլորտը։
Նախագծով, որը հեղինակել է ՔՊ-ական պատգամավորը, համապատասխանեցվում են Հայաստանի տեխկանոնակարգերը ԵԱՏՄ-ի տեխկանոնակարգերին և արգելվում են 3-րդ, 4-րդ և 5-րդ դասի (հրավառությունները) հրագործական արտադրատեսակների ներմուծումը, կիրառումը և վաճառքը։
Այսինքն՝ եթե հրավառություն է Հայաստանում, ուրեմն դա պետական կամ համայնքնային նշանակության տոն օրերին է՝ պետության կամ համայնքի մասնակցությամբ կարեւոր միջոցառումների ժամանակ:
Պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին ի պատասխան՝ Սիսակ Գաբրիելյանն ասել է. «Հարսանիքներում այլեւս հրավառություն չի լինելու, մենք փաստացի այնպես ենք անում, որ մարդիկ չկարողանան գնել հրավառություն»։
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից նախագծերի փաթեթում կատարված փոփոխություններին։
Այս փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ կողմից, դրանից հետո մինչեւ երկու ամսով հետաձգվել էր: