ՏԿԵՆ-ն առաջարկում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման համար տարեկան 1 մլն դրամի պետտուրք սահմանել
Հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրական կարգավորում չունի։ Վարորդներն իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով իրականացնում են ուղևորափոխադրումներ, որոնք չեն վերահսկվում և չեն հարկվում։ Հարցը քննարկվեց Կառավարության՝ հունիսի 22-ի նիստին: ՏԿԵ նախարարը նախքան ոլորտը կարգավորելու համար ստեղծված փաթեթը ներկայացնելը խոսեց խնդիրներից:
Ըստ Սանոսյանի՝ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում, պատվերներ են ընդունում, փոխանցում են այդ պատվերները վարորդներին, կարգավորում են իրենց հարթակների միջոցով սակագները, նույնիսկ սահմանում են պահանջներ՝ էկոնոմ դաս, բիզնես, կոմֆորտ, և փաստացի՝ այս ամենը՝ առանց իրավական հիմքի, հարկային պարտավորությունների և վերահսկողության։
«Առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակներով ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը՝ որպես ծանուցման ենթակա գործունեություն:
Առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության համար պետական տուրք տարեկան 1 միլիոն դրամի չափով:
Լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագիր՝ պետական տուրք, և՛ անկանխիկի դեպքում, և՛ կանխիկի դեպքում երկու աղյուսակ ունենք: Անկանխիկի դեպքում 2024-ի սեպտեմբերի 1-ից՝ 1,5 տոկոս, 2025-ին՝ 2,5, 2026-ին՝ 4 տոկոս, իսկ կանխիկի դեպքում տոկոսներն ավելի բարձր են՝ 2, 2,5, 5; Այսպես փորձել ենք խթանել անկանխիկը:
Սահմանել էլեկտրոնային հարթակով և ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառություն էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: Սահմանել ոլորտի իրավախախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցներ»,- ասաց Սանոսյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ փաթեթի շրջանակում առաջարկվում է ևս 1 փոփոխություն՝ կանոնավոր ուղևորափոխադրումների միասնական երթուղային ցանցի գործընթացն ավելի արագացնելու և բոլորը ներդրումային առումով գրավիչ դարձնելու համար միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների հարկային բեռն ենք առաջարկում թեթևացնել և հանել միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների՝ պետական տուրքի մասին պահանջը: Առաջարկվում է, որ փաթեթն ուժի մեջ մտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ բարեփոխումը կարևոր է, և հիշեցրեց, թե երբ է առաջացել ոլորտում օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:
«Մենք տեսնում էինք շուկայում ակնհայտ միտումներ, որ տաքսի ծառայությունների էլեկտրոնային հարթակները մեծ տեմպերով աճում էին, և այն ժամանակ մեր ընկալումը, մեր հեռահար նպատակն այն էր, որ, այսպես ասած, «անհատ տաքսիների հետևից չգնանք», այլ գնանք պլատֆորմների հետևից, որոնք ապահովում են աշխատանք»,- ասաց նա, ապա պարզաբանեց.
«Երբ տեսնում ենք մի տաքսու վարորդի հետևից գնալու պարագայում նրա, ենթադրենք, 10 հազար դրամ տուրքը գանձելու համար կարող է մենք ծախսում ենք 15 հազար կամ 9800 կամ 10700 դրամ՝ զուտ վարչարակական ծախսերի առումով, և այսպես սիզիփոսյան աշխատանքի տպավորություն էր գործում: Եվ մենք շատ բարդ քննարկումներով եկել ենք, այս եզրակացությանն ենք հանգել»,- ասաց Փաշինյանը: