Չափանիշներին չհամապատասխանող տաքսի ծառայություններին չպետք է թույլ տանք օդանավակայանի տարածքից ուղևորափոխադրումներ իրականացնել. Փաշինյան
Կառավարության՝ հունիսի 22-ի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց տրանսպորտի ոլորտում կայացրած 3 որոշումների մասին, որոնք էականորեն բարեփոխել են ոլորտը:
Առաջին որոշումը վերաբերում է օդանավակայանում գործող տաքսի ծառայություններին, համաձայն որի՝ տարածքում պետք է գործեն միայն որոշակի ստանդարտին համապատասխանող տաքսի ծառայություններ:
Երկրորդ որոշումը վերաբերում է օդանավակայանից Երևան ավտոբուսային երթուղու հիմնադրմանը:
«Երկուսն էլ շատ կարևոր հարցեր են, այդ թվում՝ մեր երկրի իմիջի տեսակետից: Եվ մենք ուրախությամբ ենք արձանագրում, որ զբոսաշրջության և ուղևորափոխադրումների ոլորտում շատ մեծ զարգացումներ ունենք: Մյուս կողմից՝ պետք է այդ հարցը դիտարկել, որ օտարերկրացին Հայաստանի օդանավակայանի դռնից դուրս է գալիս և տեսնում է, որ ոչ մի հանրային ծառայություն իրեն չի առաջարկվում: Սա լուրջ պրոբլեմ է, որևէ զարգացած երկրում նման բանը նոնսենս է, համարյա քաշքշոցի հասնող որսը տաքսիների ուղևորների համար, կներեք, անընդունելի է, որքան էլ հասկանալի է սոցիալական կամ աշխատանքի նկատառումով: Եվ այստեղ մենք ակնկալում ենք, որ մեր ծառայությունները, ոստիկանությունը, տեսչական մարմինները, ՏԿԵՆ-ը սկզբունքային աշխատանք կիրականացնեն:
Ես չգիտեմ՝ արդեն մրցույթ եղե՞լ է, հաղթող եղե՞լ է տաքսիների հետ կապված, բայց մենք պետք է ամեն ինչ անենք: Ոչ թե ամեն ինչ անենք, այլ պետք է այդ սկզբունքը պահենք. չափանիշներին չհամապատասխանող տաքսի ծառայություններին չպետք է թույլ տանք օդանավակայանի տարածքից ուղևորափոխադրումներ իրականացնել»,- ասաց նա:
Տրանսպորտային ոլորտին վերաբերող երրորդ նորությունն այն է, ինչ տեղի է ունեցել Վերին Լարսի անցակետում, որը, հատկապես, ըստ Փաշինյանի, կապ ունի բեռնափոխադրումների հետ: Արդյունքում՝ անցակետում թողունակությունը 11 անցուղուց դարձել է 39: