Կառավարությունը երկարացրեց անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի հետվճարի ծրագիրը մինչև 2023 թվականի վերջ
Կառավարությունը երկարացրեց անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման ժամկետը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Ինչպես տեղյակ եք, նախորդ տարի հունիսին ներդրեցին մի ծրագիր, համաձայն որի՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար է տրամադրվում պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության շրջանակներում և ծրագիրը պետք է իրականացվեր մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրի մեկնարկի պահից սկսած բոլոր ցուցանիշներում ունենք դրական դինամիկա, առաջարկում ենք երկարացնել այն մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը»,- ասաց Մկրտչյանը։