ՀՀ քաղաքացիները Դոնի Ռոստովում կարող են կապ հաստատել հյուպատոսության հետ
Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մարզում գտնվող ՀՀ քաղաքացիներն ըստ անհրաժեշտության կարող են կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ Խոսնակ Անի Բադալյանը։
Հյուպատոսության հեռախոսահամարը հետևյալն է` +7 989 502 96 50։
Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծ՝ +7 926 806 50 01։
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի Telegram ալիքում ձայնագրություններ էին տեղադրվել։ Նա, մասնավորապես, պնդել է, որ իր ստորաբաժանումները հարձակման են ենթարկվել և դրա համար մեղադրել է երկրի ռազմական ղեկավարությանը։
Այս հայտարարությունների կապակցությամբ ՌԴ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչ անելու փաստի առթիվ։ Պաշտպանության նախարարությունը կեղծ է անվանել Վագների «ՊՄԿ-ի թիկունքային ճամբարներին ենթադրյալ հարվածի մասին» տեղեկությունը: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը կոչ է արել մասնավոր ռազմական ընկերության մարտիկներին չկատարել Պրիգոժինի հրամանները և միջոցներ ձեռնարկել նրան կալանավորելու համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին իր ուղերձում այսօր հայտարարել է, որ ապստամբության փորձ իրականացնելու համար բոլոր մեղավորներն անխուսափելի պատիժ կկրեն։