Բլինկենը քննարկել է Ռուսաստանում իրավիճակը G7-ի գործընկերների և ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ
Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը G7-ի իր գործընկերների և ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը, հայտնել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Քարտուղար Բլինկենն այսօր զրուցել է Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի և պաշտպանական քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ՝ քննարկելու համար Ռուսաստանում իրավիճակը»,- լրագրողներին ասել է Միլլերը։
Բլինկենը, ասել է նա, վստահեցրել է, որ ամերիկյան աջակցությունն Ուկրաինային չի փոխվի։
«ԱՄՆ-ը կմնա սերտ համակարգման մեջ դաշնակիցների և գործընկերների հետ, քանի որ իրավիճակը կշարունակի զարգանալ», — հավելել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Շաբաթ գիշերը Դոնի Ռոստովում Վագների խմբավորումը գրավել է Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Զինված մարդկանց խմբերը շրջում են քաղաքով մեկ, մուտքերի ու ելքերի մոտ տեղադրվել են անցակետեր։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, թե ՌԴ ԶՈւ-ի կողմից «Վագներ»-ի ճամբարները հրթիռային ռմբակոծությունների են ենթարկվել, ինչը հերքվել է պաշտպանության նախարարության և ԱԴԾ-ի կողմից: Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողություններն անվանել է հանցավոր արկածախնդրություն, հարված Ռուսաստանի թիկունքին և դավաճանություն։ Պուտինի խոսքով՝ Դոնի Ռոստովում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, քաղաքացիական և ռազմական իշխանությունների աշխատանքը արգելափակված է։
Մոսկվայի և Վորոնեժի շրջանների տարածքում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։