Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ
Հայաստանի և Մալթայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Մալթայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները և հույս է հայտնել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում նկատվող դրական դինամիկան շարունակական կլինի: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է նաև մուլտիլատերալիզմի դերը՝ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համատեքստում:
Իր հերթին Մալթայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իեն Բորգն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի և Մալթայի հարաբերություններում արձանագրվող առաջընթացը և պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը նաև բազմակողմ հարթակներում, ինչպես նաև աջակցելու Հայաստանում ԵՄ ներգրավվածության աճին, այդ թվում՝ ԱլԳ շրջանակներում: