Մասնագետը բացատրել է՝ ինչու չի կարելի սնվել երեկոյան ուշ ժամերին
Գիշերն ուշ ժամերին սնվելու պատճառը սովորաբար լինում են խիստ սննդակարգերն ու հոգեբանական խնդիրները։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում ասել է սննդաբան, գաստրոթնտերոլոգ Նուրիա Դիանովան։
Սննդաբանի խոսքով՝ երեկոյան ամենահաճախ օգտագործվող սննդամթերքի տեսակների շարքին են դասվում տապակած, յուղոտ ու կծու ուտեստները, մինչդեռ դրանք կարող են ստամոքսի հետ կապված շատ լուրջ խնդիրների հանգեցնել։
«Դրանք բոլորն էլ դժվարամարս են, ուստի կարող են հանգեցնել ստամոքսի այրոցի և էրոզիայի»,- նշել է գաստրոէնտերոլոգը։
Բացի այդ, ուշ ժամերին սնվելը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների արդեն իսկ առկա ավելորդ քաշի, շաքարային դիաբետի կամ խոցային հիվանդության դեպքում։
Դիանովայի խոսքով՝ նման խնդիրներից խուսափելու համար օրվա ուշ ժամերին քաղցը հագեցնելու համար ցանկալի է ուտել կաթնաշոռ, յոգուրտ կամ մի փոքր միրգ։ Նման մթերքը կհագեցնի ու չի վնասի առողջությանը։