Հունիսի 24-ին, երբ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության շարասյունը հեռանում էր Դոնի Ռոստովից, լրագրողներից մեկը հարց է տվել Եվգենի Պրիգոժինին՝ ինչպես է նա գնահատում ստեղծված իրավիճակը: «Նորմալ արդյունք էր, բոլորին սթափեցրինք»,- ասել է Պրիգոժինը:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Դոնի Ռոստովում, Վորոնեժում և Լիպեցկում այժմ շինարարական աշխատանքներ են տարվում՝ «Վագների» շարասյան տեղաշարժը կասեցնելու նպատակով քանդված ճանապարհները վերանորոգելու համար:

Չնայած զինված ապստամբության ավարտից հետ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվելու է, այսօր «Կոմերսանտը», վկայակոչելուվ իր աղբյուրները, հայտնել է, որ հետաքննությունը դեռ շարունակվում է, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության քննչական վարչությունը զբաղվում է զինված ապստամբություն կազմակերպելու վերաբերյալ քրեական գործով:

Ռուսաստանում «Վագների» զինված ապստամբության փորձից հետո առաջին անգամ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնվել է տեսախցիկների առջև: Նա աշխատանքային այց է կատարել ռազմական գործողությունների գոտում կռվող Արևմտյան զորքերի խմբավորման կառավարման կետերից մեկը, ստուգել ռուսական ուժերի պատրաստվածության մակարդակը:

Շոյգուն հանձնարարել է շարունակել հետախուզական գործողությունները՝ բացահայտելու հակառակորդի ծրագրերը, ինչպես նաև աջակցել պատերազմում ներգրավված զորքերին և պայմաններ ստեղծել նրանց անվտանգ տեղակայման համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն