Արցախի բենզալցակայաններում ստուգումներ են իրականացվել՝ խախտումներ կատարելու հնարավորությունը պարզելու նպատակով, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Հունիսի 15-ից Ադրբեջանը դադարեցրել է նաև Հայաստանից Արցախ հումանիտար բեռնափոխադրումները, որի պատճառով պետությունն անցել է խիստ խնայողական ռեժիմի բոլոր ուղղություններում, այդ թվում՝ վառելիքի:

Արցախում բենզին և դիզվառելիք տրամադրվում է խիստ անհրաժեշտ դեպքերում՝ գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, հիվանդներին բուժհաստատություններ տանելու, շրջաններից գյուղատնտեսական մթերքը կենտրոնացված կարգով շրջկենտրոններ և քաղաք Ստեփանակերտ տեղափոխելու, հասարակական տրանսպորտի աշխատանքը և պետական որոշ մարմինների հրատապ գործունեությունը կազմակերպելու համար:

Այդուհանդերձ, կան մարդիկ, ովքեր այս ընթացքում վառելիք չեն ստացել, բայց շարունակում են երթևեկել՝ այդ կերպ հարուցելով որոշակի հարցեր հանրության շրջանում:

Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ լցակայաններում խախտումներ կատարելու հնարավորությունը պարզելու նպատակով օպերատիվ ճանապարհով կատարվել են որոշակի ճշտումներ, ինչի արդյունքում պարզվել է, որ ներկայումս մեքենաներով երթևեկող անձինք օգտագործում են նախքան հունիսի 15-ը ձեռք բերված վառելիքը:

Ամեն դեպքում, պետական համապատասխան մարմինների կողմից շարունակաբար վերահսկողություն է իրականացվելու լցակայանների գործունեության նկատմամբ՝ հնարավոր խախտումներն ու չարաշահումները կանխելու և բացառելու նպատակով:

Այդ առումով ակնկալում ենք նաև հանրության աջակցությունը հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման ու հանրային վերահսկողության ապահովման հարցում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն