Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարայի կամուրջի մոտ ենթակառուցվածքները կարգի բերելու համար
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, թե Հայաստանի ու Թուրքիայի միջև վերջին պայմանավորվածությունը եղել է զբոսաշրջային սեզոնի սկզբում ցամաքային սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելուն։
Նրա խոսքով, հայկական կողմն այժմ աշխատանքներ է տանում Մարգարայի կամուրջի մոտ՝ անցակետում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար. «Շատ շուտով կավարտենք, հույս ունենք՝ թուրքական կողմը նույնպես կպահի պայմանավորվածությունն ու այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կիրագործվեն»։
Անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին, նա նշել է, թե գործընթացը կանգնած վիճակում չէ, ըստ անհրաժեշտության, ինքը խոսում է Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ։
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նոր հանդիպմանը, ապա Ռուբինյանը տեղեկացրել է, որ դեռ պայմանավորվածություն չկա։