«Վերջին պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ զբոսաշրջային սեզոնի սկզբում պետք է ցամաքային սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար:

Հայկական կողմն աշխատանքներ է տանում Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար, շատ շուտով կավարտենք: Եվ հույս ունենք, որ թուրքական կողմը ևս կպահի պայմանավորվածությունը, և այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կիրագործվեն»,- այդ մասին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նա վստահեցրեց, որ գործընթացը կանգնած չէ, ինքը, ըստ անհրաժեշտության, խոսում է Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, բայց այժմ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա:

Արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, որ որոշ ժամանակ առաջ հատուկ ներկայացուցիչները բավականին ակտիվ հանդիպումներ էին ունենում, իսկ հիմա՝ ոչ, Ռուբեն Ռուբինյանը դա բնական համարեց՝ նշելով, որ հիմա ունեն կոնկրետ պայմանավորվածություն՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար սահմանը բացելու առումով:

«Եվ շատ կարևոր է, որ այդ պայմանավորվածությունը կյանքի կոչվի: Նման գործընթացներում, երբ վստահության դեֆիցիտ կա, շատ կարևոր է, որ պայմանավորվածություններն իրագործվեն: Եթե դրանք իրագործվեն, վստահությունը կավելանա, եթե չիրագործվեն, բնականաբար, կպակասի»,-ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն