Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին վերսկսել քաղաքական գործընթացները, որոնք պետք է լինեն արդարացի եւ չիրականացվեն ուժի կիրառմամբ կամ որեւէ այլ ազդեցությամբ։ Այս մասին հուլիսի 28-ին Էրեբունու հնագիտական պեղումների ավարտման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը։

Նրա խոսքով՝ ներկա պահին Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքի մարզում, ընթանում են մարտական գործողություններ։ «Բնականաբար, մենք մտովի զոհված զինվորների եւ նրանց ընտանիքների հետ ենք։ Մենք նաեւ հասկանում ենք, որ այդ ամենը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացման համատեքստում։ Այդ իրադարձությունները մտահոգություն են առաջացնում Ֆրանսիայում, քանի որ դրանք խախտում են հրադադարի ռեժիմը, ինչի պատճառով անվտանգային իրավիճակը Հայաստանի սահմաններին վատթարանում է։ Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում վերսկսել քաղաքական գործընթացները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բայց այդ գործընթացը պետք է լինի արդարացի, եւ այն չպետք է իրականացվի ուժի կամ որեւէ այլ ազդեցության ներգործությամբ։ Բնական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կան շփումներ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ, որոնք, առաջին հերթին, ուղղված են այն բանին, որպեսզի մենք կարողանանք  նպաստել իրավիճակի կայունացմանը»,- ընդգծել է դեսպանը։

Նա նաեւ նշել է, որ Ֆրանսիայի գլխավոր մտահոգությունը կապված է սահմանային իրավիճակի հետ։

Ջոնաթան Լաքոթը հավաստիացրել է, որ Ֆրանսիան չի մոռանում անցած տարվա նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության կետերի մասին, հատկապես գերիների վերադարձի մասով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն