Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու պատերազմի ընթացքում ՀՀ-ն չճանաչեց ԼՂ-ի անկախությունը
Հայաստանը 44-օրյա պատերազմի ընթացքում չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ այդ դեպքում նույնիսկ նոյեմբերի 9-ին հնարավոր չէր լինի պատերազմը կանգնեցնել: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցին, որը հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, երբ ներկայացնում էր ընդդիմության «հանդիմանանքը»՝ ուղղված ՀՀ վարչապետին:
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ընթացքում չխոսեց Արցախի անկախության ճանաչման հնարավորության մասին, չէ՞ որ դա Հայաստանի դիվանագիտական «Իսկանդերն» էր՝ հարցրել էր Արմեն Աշոտյանը:
ՀՀ վարչապետը հարցին հարցով պատասխանեց. «Ինչո՞ւ 2016-ի 4-օրյա պատերազմի ժամանակ չեն ճանաչել անկախությունը: «Իսկանդերն» օգտագործեիք, պրծնեինք այս պատմությունից:
Ուզո՞ւմ եք ավելի մանրամասն այս հարցին պատասխանեմ: Նկատի ունեմ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ինչու Ղարաբաղի անկախությունը չենք ճանաչել: Շատ պարզ պատճառով. նույնիսկ նոյեմբերի 9-ին այդ պատերազմը կանգնեցնել հնարավոր չէր լինի»: