Արցախի խորհրդարանը Հայաստանի իշխանություններին կոչ է անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանի հետ վաշինգտոնյան բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և Հայաստանի սահմանին լիակատար հրադադարի հաստատումը և այն պահելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը։

Արցախի Ազգային ժողովը հայտարարությունն ընդունել է Ադրբեջանի կողմից հունիսի 28-ի գիշերը հրադադարի կոպիտ խախտման հերթական դեպքից հետո, որի հետևանքով զոհվել է 4 զինծառայող։

Արթուր Թովմասյան (Արցախի ԱԺ նախագահ) - Բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն։

Խորհրդարանականներն ընդգծում են՝ Արցախի լիակատար շրջափակման պայմաններում, հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Արցախի քաղաքացիների հերթական սպանությունը վկայում է, որ Ադրբեջանը, անտեսելով միջազգային հանրությանը, ցեղասպան գործողություններով ձգտում է հասնել Արցախի վերջնական հայաթափմանը:

Արթուր Թովմասյան - Ուշագրավ և հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար իրականացվող խախտումների այս նոր միջադեպը, նախորդ դեպքերին համանման, նույնպես արձանագրվել է այն ժամանակ, երբ ներկայումս ԱՄՆ պետական քարտուղարի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի են ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական բանակցությունները՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի շուրջ: Դա, անշուշտ, ևս մեկ անգամ վկայում ու հաստատում է, որ «խաղաղության պայմանագրի» շուրջ տեղի ունեցող այս բանակցությունները նույնպես իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատման մթնոլորտի ձևավորման նմանակում՝ իբր թե միջազգային ջանքերի համատեքստում:

Արցախի Ազգային ժողովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին կոչ է անում կարեկցանքի հայտարարություններից, հորդորներից և խորհուրդներից զատ, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով ագրեսիվ նկրտումները:

Արթուր Թովմասյան - Համոզված ենք, որ երկակի ստանդարտներով գործելաոճը ավելի է ոգևորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ և անվերահսկելի։

Ռուսաստանի Դաշնությանը խորհրդարանականները հորդորում են խաղաղապահ առաքելության շրջանակում առավել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողությունները։

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն