Արցախում կեղծ տեղեկություններ շրջանառողները պատասխանատվության կենթարկվեն
Հունիսի 28-ին, խախտելով հրադադարը, Ադրբեջանի զինված ուժերը դիմել են հերթական սադրիչ ու ագրեսիվ գործողությանը, որի հետևանքով մահացու վիրավորում են ստացել Արցախի պաշտպանության բանակի 4 զինծառայողներ:
Ինչպես հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից, այդ դեպքի կապակցությամբ սոցցանցերում սկսել են շրջանառվել կեղծ տեղեկություններ՝ խախտելով մայիսի 26-ին Արցախի նախագահի ստորագրած ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին հրամանագրի դրույթները:
Այդ դրույթների համաձայն, մասնավորապես, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի պաշտպանունակության, անվտանգության վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը:
Արցախի իրավասու մարմինները ձեռնարկելու են անհրաժեշտ միջոցներ հրամանագրի դրույթները խախտողներին պատասխանատվության ենթարկելու և նման խախտումները կանխելու ուղղությամբ: Ուստի, պահանջում ենք այսօր տեղի ունեցած ադրբեջանական հարձակման հետևանքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ (այդ թվում՝ վիրավորների ու լրացուցիչ զոհերի առկայության մասին) և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակած անձանցից ու լրատվամիջոցներից հեռացնել իրենց գրառումները և կատարել հերքող հրապարակումներ, այլապես կիրառվող պատասխանատվության միջոցները կարող են ավելի խիստ լինել: