Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, փոխանցում է Hetq.am-ը։

Ռազմական գերատեսչությունը ցանկանում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարել։ Նպատակը, ըստ ՊՆ-ի, քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելը, մասնագիտական պատրաստումն ու վերապատրաստումը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումն է։

Պաշտպանության նախարարությունը մտադիր է վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 869 քաղաքացու, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ, զինվորական 10 մասնագիտություններով վերապատրաստման համար՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանություն, կապ, հետախուզություն, ռադիոէլեկտրոնային պայքար, ինժեներական, տեխնիկական, թիկունքային և տեղագրական։

«Որոշման նախագծի ընդունումը կապահովի պահեստազորայինների վարժական հավաքների անցկացումը և խնդիրների կատարման համար մարտունակ ստորաբաժանումների ավելացումը»,- ասվում է պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծում:

Հավելենք, որ այս նախաձեռնությունն առայժմ որոշման նախագծի կարգավիճակում է և կարող է ուժի մեջ մտնել միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն