Այս տարի արդեն Երևանի տրանսպորտային ցանցում մեզ հայտնի «ԳԱԶել»-ները չենք ունենա. Փաշինյանը՝ ևս 180 ավտոբուս գնելու մասին
Երևանի քաղաքապետարանը 150-ի փոխարեն 180 ավտոբուս ձեռք կբերի։ Այդ մասին Կառավարության հունիսի 29-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախկինում պայմանագրի շրջանակներում մենք 150 հատ ավտոբուս էինք ձեռք բերել, բայց Երևանի քաղաքապետարանը, մեր գործընկերներն աշխատել են լրացուցիչ պայմանագրի ուղղությամբ և կապալառուների հետ, և հիմա, առանց գնային փոփոխությունների, հատկացվող գումարի փոփոխությունների, 150 հատ ավտոբուսի փոխարեն ձեռք ենք բերում 180 ավտոբուս, այսինքն՝ ևս 30 ավտոբուս է գումարվում այդ նույն որոշման շրջանակներում»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև հիշեցրեց, որ ՔՊ-ն խոստացել էր, որ պետք է Երևանը ազատեն «հուսահատության գազելներից» և «մահվան վերելակներից»:
«Գործն արվում է շատ մեծ տեմպերով, և եթե չեմ սխալվում, այս տարի արդեն Երևանի երթուղային, տրանսպորտային ցանցում մեզ հայտնի գազելները չենք ունենա, և փոխարինված կլինեն բոլորովին նոր ավտոբուսային պարկով»,- ասաց Փաշինյանը:
ՏԿԵ նախարարն իր հերթին նշեց, որ մոտենում են Երևանի տրանսպորտային համակարգի համար առանցքային որոշումներ կայացնելու փուլին, իսկ դրա համար պետք էր նախապատրաստվել: «Այս ամբողջ պարկը պետք էր ունենալ, որպեսզի մենք կարողանայինք և՛ ամբողջ ցանցը վերանայել, և՛ տոմսային համակարգը և այլն, և այլն: Եվ պետք է փաստել, որ դա արվում է»,- նշեց նա:
Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ նպատակ կա նաև հնարավորինս բեռնաթափելու Երևանը շրջանցող ճանապարհները: