Սպառողները դժգոհում են, ՀԷՑ-ը տուգանվում է 20 մլն դրամով
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկա նիստում կտուգանի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը ։ Հանձնաժողովի զարգացման ծրագրերի բաժնի պետ Դավիթ Մուրադյանը «Ռադիոլուրին» մանրամասնում է ՝ ՀԷՑ-ը տուգանվում է, քանի որ բնակիչների՝ ցանցին միանալու ժամկետներն է խախտել:
Մուրադյանի հստակեցմամբ՝ միշտ չէ, որ բոլոր ուշացումների պատասխանատուն միայն ՀԷՑ-ն է, երբեմն ուշացման այլ պատճառներ էլ են լինում։ Բայց հիմնականում ժամկետները խախտվում են ընկերության պատճառով։ Եթե բաժանորդի ցանցին միանալու օրը փոխվում է, ապա ընկերությունը պարտավոր է այդ մասին ծանուցել քաղաքացուն։ Այս նորմը նույնպես խախտել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։ Դավիթ Մուրադյանն ընդգծում է՝ սպառման համակարգին միանալու համար հանձնաժողովի կանոներով հստակ ժամկետներ են սահմանված։
«Դիմող անձը դիմում է ՀԷՑ, պայմանագիր է կնքում, վճարումները կատարում է։ Վճարման պահից սահմանված ժամկետում սպառման համակարգը միացվում է ցանցին։ Մեր վերլուծության արդյունքում պարզվել է, որ ժամկետները խախտվել են»,-ասում է Դավիթ Մուրադյանը։
2022-ի չորրորդ եռամսյակում կատարված ուսւոմնասիրություններով պարզել են, որ միայն ՀԷՑ-ի գործողությունների արդյունքում 950 բնակիչ բաժանորդ չի դարձել, մոտ 6 հազար բնակիչ էլ ցանցին միացել են ժամկետի խախտումով։ ՀԷՑ-ից բողոքներ հիմա էլ կան։ Ժամկետների խախտման համար ընկերությունը կտուգանվի 20 մլն դրամով։ Բացի այդ, հստակ ժամկետներ սահմանելու հանձնարարական կտրվի։ ՀԾԿՀ ներկայացուցչի պարզաբանմամբ՝ ուշացումների դեպքում ընկերությունը պարտավոր է ուշացման մասին ծանուցել դիմող անձանց։ Մի շարք դեպքերում ևս այդ պարտավորությունը չի կատարվել։ Ուստի պետք է նաև տույժ վճարի բնակիչներին՝ 2500 դրամ, որպես կանխավճար փոխանցելով բաժանորդների հաշվին։