Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Գետաբակ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
Մասնավորապես՝ արտադրական շինությունների կառուցվածքը, դասավորությունը և չափսերը չեն ապահովում հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը, չի ապահովվել բնական և մեխանիկական օդափոխությունը, պաշտպանությունը կրծողների և միջատների ներթափանցումից, կեղտի կուտակումներից և բորբոսի առաջացումից, պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, չներծծող նյութերից, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել,
սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը պատշաճ չեն լվացվել, մաքրվել և ախտահանվել, չեն եղել բարվոք վիճակում, սննդի կառույցն ապահովված չէ անձնակազմի համար հանդերձարանով,
աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական ու պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: