Բողոքի ակցիայի մասնակից տասնյակ իրաքցիներ ներխուժել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն՝ ի պատասխան Ստոկհոլմի կենտրոնական մզկիթի դիմաց Ղուրանն այրելուն։ Այդ մասին հայտնում է Al Arabiya-ն։

Նշվում է, որ ցուցարարները շիաների հոգևոր առաջնորդ Մուկթադա աս Սադրի հետևորդներն են, որն ավելի վաղ Ստոկհոլմին կոչ էր արել հեռացնել Իրաքում Շվեդիայի դեսպանին։ Որոշ ցուցարարներ շվեդական դիվանագիտական ​​ներկայացուցչության ցանկապատից անցել են ու հայտնվել դեսպանատան բակում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստոկհոլմի կենտրոնում Ղուրանն այրելու ակցիան իրականացրել է Իրաքից փախստական 37-ամյա Սալվան Մոմիկան։ Դեպքի վայրում էին շվեդական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մոտ 200 քաղաքացի։ Ի նշան բողոքի՝ տղամարդը պոկել է մուսուլմանների Սուրբ գրքի էջերը, դրանցով սրբել կոշիկները, ապա այրել ամբողջ գիրքը։

Իրաքի իշխանությունները Շվեդիայի կառավարությունից պահանջել են արտահանձնել 37-ամյա իրաքցուն, երկրի ԱԳՆ-ն էլ կանչել է Բաղդադում Շվեդիայի դեսպանին և խնդրել, որ Շվեդիայի իշխանություններն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն նման գործողությունների կրկնությունը կանխելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն