Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեին:



Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը Հայաստան ժամանելու և փոխըմբռնման հուշագիր ստորագրելու պատրաստակամության համար:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ համագործակցության զարգացումը՝ ուղղված երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկիենեն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ընդլայնել քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի և Լիտվայի դատախազությունների միջև համագործակցությունը ՝ միտված մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ապահովմանը և օրենքի գերակայության ամրապնդմանը:

Հուշագրով նախատեսված են փորձի փոխանակման, փոխադարձ այցելությունների և համատեղ համաժողովների կազմակերպում՝ ի նպաստ երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման և անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն