«Նստելն էլ է մարդու համար». Սյունիքի մարզպետը՝ իր որդու նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին. Hraparak.am
Երբ ճիշտ քննություն կատարվի, ինքը կներկայանա: Այս մասին Hrakarak.am-ին ասել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ անդրադառնալով իր որդու նկատմամբ հետախուզում հայտարարելուն, հաղորդում է Hraparak.am-ը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ «Քրեական օրենսգրքի» 34-104-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդ.-ի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)՝ մեղադրանքով:
Նրա մարզպետ հայրը մեզ հետ զրույցում ասաց, որ որդին Հայաստանում է, իր գործերով։ Ապա անդրադառնալով իր որդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատարանի որոշմանը՝ նշեց, որ պետք է օբյեկտիվ քննություն կատարվի․ «Օբյեկտիվ ծառայողական քննություն պետք է կատարվի։ Առաջին օրվանից քննությունը սխալ է գնացել, դրա համար ինքը չի հավատում։ Քննությունը երբ ճիշտ գնա, ինքը համաձայն է։ Այնպիսի մարդիկ են ցուցմունքներ տվել, որոնք դեպքի վայրում չեն եղել, սխալ ցուցմունք են տվել։ Թող ճիշտ քննություն կատարվի, ինձ համար ով ուզում է լինի։ Գնան, նստեն, դա էլ է մարդու համար։ Երբ ճիշտ քննություն կատարվի, ինքը կներկայանա»։
Հարցին, թե գիտի՞ իր որդու տեղը, տվեց խուսափողական պատասխան՝ ասելով, թե մեծ մարդ է, երեք երեխու տեր։
Այս ամենի ֆոնին տեղեկություններ են մեզ հասել, որ Մելիքսեթ Պողոսյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել, նա, սակայն, հերքեց շրջանառվող լուրերը։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Կարեն Պողոսյանի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։