Ադրբեջանական մամուլը հակառուսականությամբ հավասարվում է ուկրաինականին․ քաղաքագետ
Ադրբեջանական մամուլն իր հակառուսականությամբ վերջին շրջանում չի զիջում ուկրաինականին։ Փորձագետների կարծիքով, Մոսկվան, նաև Արևմուտքում շատերը, սխալվել են՝ կարծելով, թե Արցախի յոթ շրջանները Բաքվին զիջելով, կարող է խաղաղություն հաստատվել։ Դա ոչ միայն չի լուծել խնդիրը, այլև խորացրել է այն, ու Բաքվի ատելության շեշտերն ուղղել նաև դեպի Ռուսաստան։ Ադրբեջանական լրատվամիջոցները մեղադրում են Մոսկվային Արցախում հայերին զինելու մեջ։ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը այդ մեղադրանքներին ի պատասխան բաց նամակ է հրապարակել՝ տեղեկությունները կեղծ որակելով։
Հակառուսական տեղեկատվական արշավ Բաքվից՝ Մոսկվայի դեմ, այսպես է բնութագրում Ադրբեջանում Ռուսասատանի դեպանատունը Մոսկվայի դեմ մի շարք մեղադրանքները։
Մոտ 10 օր առաջ Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում սկիզբ առած բողոքի ակցիաները չեն դադարում, դրանց հետ կապված նոր խմորումներ են արձանագրվում։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, որ ոսկու մոտակա հանքավայրի արդյունահանման թափոնները ջրամբար լցվելու և միջավայրն աղտոտելու, առողջապահական լուրջ խնդիրներ առաջացնելու հարցում գյուղացիների բողոքը կազմակերված է Մոսկվայի կողմից։
Ըստ այդ հրապարակումների՝ տարեց կանանց բողոքի ակցիաները ֆինանսավորել է հենց Ռուսաստանը։ Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի դեմ բնապահպանական այսպես ասած «անհանգստություն» ունեցող և Լաչինի միջանցքը իբր «բնապահպանական խնդիրների» պատճառով փակած ադրբեջանցի բնապահպանները քար լռություն են պահպանում իրենց իսկ երկրում բնապահպանական ու առողջապահական իրական վտանգ հարուցող գյուղացիների արդարացի բողոքի նկատմամբ, փոխարենը տարեց կանանց բողոքի ակցիաները ցրում են ոստիկանները՝ մահակներով ու արցունքաբեր գազով։ Ինչո՞ւ է Բաքուն կատարվածում մեղադրում Մոսկվային․ հարցին անդրադարձել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը բաց նամակ հղելով ադրբեջանական Minval լրատվականին։ Նամակում ռուս դիվանագետներն այս տեղեկատվությունը կեղծիք են որակում՝ պնդելով, որ դրանց հետևում կանգնած է Մեծ Բրիտանիան, իսկ Բաքուն միացել է բրիտանացիների կողմից Ռուսաստանի դեմ հրահրված քարոզչական արշավին։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյան․ «Իրականում, եթե մենք դիտարկենք, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մի թափոնը բնակավայրի համար, ապա կարող ենք ասել, որ այն կոչնչացնի մի ողջ բնակավայր, ու կարծում եմ այստեղ երկրորդ, երրորդ կողմի փնտրելը ավելորդ է։Իհարկե, Ասդրբեջանում Բրիտանիայի ազդեցությունը շատ մեծ է և հակասում է Ռուսաստանին, բայց չեմ կարծում, թե այս մեղադրանքները և հակառուսականությունն Ադրբեջանում, պայմանավորված են Բրիտանիայի դերակատարությամբ ։ Ադրբեջանում հակառուսական դիսկուրսները միշտ էլ եղել են բարձր։
Գեդաբեկի շրջանի ոսկու հանքավայրի թափոնների հետևանքով առաջացող աղտոտվածության դեմ բողոքի ակցիաների կազմակերպման մեջ Մոսկվային մեղադրելուց բացի Բաքվի լրատվամիջոցները պնդում են նաև, որ Արցախի հայերին զինում է ռուսական կողմը։ Այս առումով, ըստ Բաքվում Ռուսաստանի դեսպանատան՝ ադրբեջանական լրատվամիջոցները օգտագործվում են Լոնդոնի հակառուսական տեղեկատվական-քարոզչական արշավում, ինչը հակասում է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Պուտինի և Ալիևի կողմից 2022 թվականին ստորագրված «Դաշնակցային գործակցության մասին» հռչակագրին»՝ ասվում է Ռուսաստանի դեսպանատան բաց նամակում։
«Այն, որ Ռուսաստանում համարում են, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակիցներ են կամ բարեկամներ, դա ինքնախաբեություն է, ինչին Ռուսաստանը հաճախ է տրվում, քանի որ Ադրբեջանի հետ հակասական դեպքեր շատ են եղել, հիմա էլ կան ու ապագայում էլ լինելու են, և եթե մենք հիմա կարդանք ադրբեջանական մամուլը ուկրաինական մամուլին գրեթե չի զիջում հակառուսականությամբ, դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ կատարվածը իշխանության պատվերն է»։
Բաքուն, մեղադրելով Ռուսաստանին, իբր Ղարաբաղի հայերին զինելու մեջ, երեք հարց է փորձում լուծել, ըստ քաղաքագետի՝ զինաթափել Արցախը, հեռացնել ռուս խաղաղապահներին ու էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Ըստ այդմ՝ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը համոզված է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները առաջիկայում ավելի են սրվելու։
Նրա պարզաբանմամբ՝ Բաքուն Ռուսաստանի խոսքը վերջինն ու ամենակարևորը չի համարում, ինչը կսրի հարաբերությունները, սակայն դա չի նշանակում նաև թե Մոսկվան կօգնի հայերին։ Մոսկվան հարցերը կբաժանի ու մաս–մաս կլուծի դրանք, կարծում է փորձագետը։