Անցած շաբաթ մենք մեկնարկեցինք "Հայաքվե" քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը, և դա անմիջապես հզոր պայթյուն առաջացրեց լրատվամիջոցներում. Ավետիք Չալաբյան
Անցած շաբաթ մենք մեկնարկեցինք "Հայաքվե" քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը, և դա անմիջապես հզոր պայթյուն առաջացրեց լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։ Մեկնաբանությունների և հարցերի հեղեղը աննախադեպ էր՝ քաղաքական, իրավական, կազմակերպչական, տեխնիկական բնույթի, մարդկանց հետաքրքրում էր տառացիորեն ամեն ինչ՝ սկսած ինչպես ենք մենք այս օրենքի նախագիծը պարտադրելու իշխող վարչակարգին, վերջացրած ինչպես հեռվից քվեարկել նույնականացման քարտով։
Որպես այս նախաձեռնության համակարգող, ես իմ պարտքն եմ համարում պարբերաբար անդրադառնալ բարձրացվող հարցերին, կենտրոնանալով առավել կարևորների վրա։ Մի քանիսին կանդրադառնամ ստորև, և այսուհետև էլ պարբերաբար նոր գրառումներ կկատարեմ՝ նախաձեռնության ծավալմանը զուգընթաց։
ա) Ինչպ՞ես է հնարավոր այս նախաձեռնությամբ ազդել իշխող վարչակարգի վրա, եթե նա հետևողական գնում է Արցախը հանձնելու ճանապարհով․
Այս վարչակարգը, որքան էլ որ ձգտում է օր առաջ հանձնել Արցախը, և դրա միջոցով վերակողմորոշել Հայաստանը Ռուսաստանից դեպի Թուրքիա, բախվում է հայ հասարակության տարբեր խավերի դիմադրությանը։ Գործող վարչակարգը ունի քաղաքական վերարտադրության խնդիր, որը պետք է լուծել կամ ընտրությունների միջոցով, կամ բռնի դիկտատուրա հաստատելու։ Երկրորդի լիարժեք ռեսուրսը այս վարչակարգը չունի, ուստի նրա համար բոլոր դեպքերում կարևոր է հասարակության գոնե մի մասի աջակցությունը։ "Հայաքվե"-ի միջոցով մոբիլիզացնելով հայաստանյան հասարակությունը, մենք անհաղթահարելի խորընդոտ ենք ստողծում այս վարչակարգի համար՝ այն կամ ստիպված է լինելու սրբագրել Արցախի հարցում տարվող իր քաղաքականությունը, կամ բախվել ոչ հեռու ապագայում իշխանությունը կորցնելու անխուսափելի հեռանկարի հետ։
բ) Ինչպ՞ես կարող է "Հայաքվե"-ն ազդել Արցախի իրական պաշտպանության վրա, եթե Ալիևը գնում է բիրտ ուժի կիրառման ճանապարհով։
Ալիևը ամբողջ այս ընթացքում հնարավորություն ուներ պաշարել և խեղդել Արցախը, քանի որ Հայաստանի իշխանությունները փաստացի հրաժարվել էին Արցախի պաշտպանությունից, այնտեղ ապրող մեր համաքաղաքացիներից շատերին մղելով հուսահատության գիրկը։ "Հայաքվե"-ն հաջողության դեպքում բերելու է նրան, որ Հայաստանը վերահաստատի Արցախի անվտանգության իր երաշխավորի դերը, Արցախի մեր համաքաղաքացիները տեսնեն նոր հույս և հեռանկար, Հայաստանի դաշնակիցները վերագնահատեն Արցախի կարևորությունը, և համատեղ ուժերով կարողանան պաշտպանել Արցախը Ալիևի հրեշավոր նկրտումերից։ Իրականությունն այն է, որ Ալիևը այդքան ուժեղ չէ, որքան թվում է, նրա հաջողություններ մեծ մասը ձեռք են բերվել հայության թույլ դիմադրության պատճառով, իրական դիմադրությունը կջարդի նրա ամենազորության առասպելը։
գ) Մինչ այժմ բազմաթիվ ստորագրահավաքներ են եղել, ի՞նչ է փոխելու այս մեկը:
"Հայաքվեն" ստորագրահավաք չի, այլ լայնածավալ հանրային նախաձեռնություն։ Ստորագրահավաքը նրա բաղադրիչներից մեկն է (թեև շատ կարևոր), բայց իրականում այն այսբերգի գագաթն է միայն։ "Հայաքվե"-ի շրջանակներում տեղի ունենում իրական ազգային ուժերի համախմբում՝ պարզ և հասկանալի օրակարգի շուրջ, ազգային նպատակների վերարժեվորում և ազգային արժանապատվության վերականգնում։ Մեր համաքաղաքացիները, որոնք հազարներով այս օրերին գալիս են ստորագրահավաքի, գրում են մեզ, մասնակցում քննարկումների, դա անում են ոչ թե որևէ մեկի կամ որևէ խմբի օգտին, այլ ընդհանրական գաղափարի՝ ունենալ հզոր, կենսունակ և ազգային արժեքների վրա խարսխված պետություն, հենց այդ պատճառով է այն "Հայաքվե", քանզի ազատ Արցախը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և հատուցումը այդ պետության առանցքային հենասյուններն են, և քաղաքացիները իրեն քվեով թույլ չեն տալիս գործող վարչակաչգին՝ այդ սյուները հեշտությամբ քանդել։
դ) Արդյ՞ոք սա ընդդիմության հերթական քաղաքական խաղը չի, վերափաթեթավորված նոր տեսքով։
"Հայաքվե"-ն ի սկզբանե նախաձեռնվել է որպես քաղաքացիական նախաձեռնություն, նրա նպատակը շատ ավելի խորքային է, քան պարզ քաղաքական փոխատեղումը։ Գործող ընդդիմադիր դաշտի որոշ թևեր աջակցում են նախաձեռնությանը, որոշ թևեր՝ սպասողական դիրքորոշում են որդեգրել, որոշ ընդդիմադիրն էլ քննադատում այն՝ որպես ոչ բավարար արմատական և կոշտ։ Սակայն բոլորն էլ ստիպված են ընդունել, որ "Հայաքվեն" իր տեսակի մեջ եզակի երևույթ է, երբ քաղաքացիական լայն միավորումը, որը մինչ այդ երբևիցե միասնական քաղաքական օրակարգով հանդես չի եկել, փորձում է ուղիղ ժողովրդավարության ճանապարհով ազդել երկրի ընդհանուր քաղաքական կուրսի վրա։ Այս իմաստով, "Հայաքվե"-ի հաջողությունը հսկայական հեռանկարներ կբացի մեր երկրի ժողովրդավարական զարգացման համար, կբերի քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, և ի դեմս նրա՝ քաղաքական համակարգի ներսում արդյունավետ նոր հակակշիռների ձևավորմանը։
Այսօր սկսվում է "Հայաքվե"-ի ստորագրահավաքի երկրորդ շաբաթը, և նրա արդյունավետությունը շատ բանով կկանխորոշի այս կարևոր նախաձեռնության հետագա ընթացքը։ Ամփոփելով խոսքս, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր այն հազարավոր համաքաղաքացիներին, որոնք անցած շաբաթվա ընթացքում իրենց ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ և մասնակցությամբ հզոր մեկնարկ տվեցին "Հայաքվե"-ին, և հույս հայտնել, որ նրանց օրինակը վարակիչ կլինի, ու նրանց կհետևեն տասնյակ և հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ, որոնք ցանկանում են ապրել հզոր և կենսունակ հայկական պետությունում, և այսօր պատրաստ ենք իրենց քվեով հստակ ուղերձ տալ դրա մասին։ Աստված զորավիգ մեր հայրենիքին, և նրա համար պայքարող տեսակին!