Գործարկվել է ՀՀ դատախազության արդիականացված և նորացված պաշտոնական կայքէջը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, մի շարք ուղղություններով մեկնարկած բարեփոխումների շրջանակում, արդիականացրել և նոր դիզայնով է գործարկել Դատախազության պաշտոնական՝ www.prosecutor.am կայքէջը: Այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովի ընթացքում:
Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027 թվականների ծրագրային ձևաչափի շրջանակում՝ Գլխավոր դատախազության հետ համատեղ՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ:
Ըստ Լուսինե Մարտիրոսյանի՝ կայքն արդիականացնելու նպատակը քաղաքացիների և հատկապես լրագրողների համար հիմնականում մեկ քայլի միջոցով Դատախազության կառուցվածքին, յուրաքանչյուր տարի ՀՀ Ազգային ժողով ներկայացվող Դատախազության գործունեության մասին հաղորդմանը, նորություններին, հայտարարություններին, ՀՀ գլխավոր դատախազի հրամաններին ծանոթանալն ու առավելագույն գործածելիություն ապահովելն է։
Կայքը լավարկված է ցանկացած չափի համակարգչային մոնիտորների համար, ունի մոբայլ տարբերակ՝ նախատեսված սմարթֆոն, պլանշետ և այլ գաջեթներ գործածողների համար:
Կայքի բոլոր էջերից հասանելիություն է ապահովված նաև սոցիալական հարթակներին՝ Facebook, Telegram, Youtube, ՀՀ գլխավոր դատախազության էջերին, որտեղ ամենաառաջինն են հրապարակվում Դատախազության գործունեության մասին հաղորդագրությունները: