Քիշնևի օդանավակայանում երկու անձի սպանած տաջիկը մահացել է հիվանդանոցում
Տաջիկստանի քաղաքացին, որ Քիշնևի օդանավակայանում երկու ոստիկանի էր սպանել, հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնել է Մոլդովայի ոստիկանությունը:
Ուրբաթ օրը Քիշնևի օդանավակայանում կրակոցներ են հնչել. ուղևորները տարհանվել են, թռիչքները` ժամանակավորապես հետաձգվել:
Երկրի ՆԳ նախարարության տվյալներով` կրակողը Տաջիկստանի քաղաքացի է, որի մուտքը երկիր արգելել են: Նա սպանել է օդանավի անվտանգության ծառայության աշխատակցի և սահմանապահի: Տաջիկստանի դատախազությունը հաղորդել է, որ 43-ամյա ոճրագործը հետախուզման մեջ էր` մարդու առևանգման համար:
Ձերբակալման պահին տաջիկստանցին ծանր վիրավորում է ստացել և մի քանի օր գիտակցության չէր գալիս: Նա Քիշնևի հիվանդանոցներից մեկում էր` ոստիկանների հսկողության տակ: