Արցախում տնամերձում աշխատող ամուսիններին թիրախավորելու դեպքով քրգործ է հարուցվել
2023 թ. հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Սարգսաշենի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով՝ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել տնամերձում աշխատող ամուսիններ՝ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի բնակիչներ Լեռնիկ Պավելի Գասպարյանի և Նարինե Սլավի Գասպարյանի ուղղությամբ, սակայն վերջիններիս թաքնվելու և գնդակները պատին դիպչելու հետևանքով հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Արցախի դատախազությունը հայտնում է, որ նշված փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը:
Արցախի դատախազությունը հայտնում է նաև, որ քրեադատավարական ստուգումներ են իրականացվում 2023 թ. հունիսի 26-ի դեպքով: Այդ օրը՝ ժամը 12:15-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի վարչական տարածքում ադրբեջանական զինված ուժերի մարտիկները ազգային ատելության շարժառիթով հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակել «ՅՈՒՄԶ» և «Բելառուս-82» տրակտորներով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արսեն և Ապրես Միքայելի Գաբրիելյանների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է աշխատանքը: