«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երբեմնի դաշնակից, նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը, ով ընտրություններից հինգ պակաս հրաժարական տվեց նախարարի պաշտոնից եւ Արցախի սոցապնախարար Մանե Թանդիլյանի հետ պետք է կուսակցություն ստեղծեր ու մտներ ԱԺ, անհայտ պատճառներով հայտնվեց լուսանցքում։

Ընտրություններից հետո նա կարծես թե դիրքավորվել է ընդդիմադիր դաշտում եւ գրառումներ է անում՝ քննադատելով մե՛կ ԱԺ պատգամավորների հավելավճարը բարձրացնելու օրինագիծը, մե՛կ քաղաքապետարանի աշխատակազմի վարձատրությունը բազմապատկելու նախաձեռնությունը։

Ըստ որոշ լուրերի՝ պատրաստվում է մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին, իսկ նրա շրջապատում խոսում են, որ համագործակցում է գործարար Ռուբեն Վարդանյանի հետ, ով աջակցում է այս քաղաքական ուժին եւ մտադիր է առաջիկայում քաղաքական դաշտի կարեւոր խաղացող դառնալ։

Սակայն բանն այն է, որ «Առաքելություն» կուսակցության, թերեւս, միակ հայտնի ներկայացուցիչը Մեսրոպ Առաքելյանն է, եւ անգամ նրա կուսակցությունից 2018-ին խորհրդարան անցած մի քանի պատգամավորները, որոնք ոչնչով աչքի չընկան, չեն ենթարկվում Առաքելյանին։

Երեկ պարզեցինք նաեւ, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից Լեւոն Հովհաննիսյանը, ով «Առաքելության» ցուցակով է ավագանի մտել, ոչ թե այդ կուսակցության ներկայացուցիչն է, այլ՝ ՔՊ-ի, ավագանի մտնելուց 1 տարի անց՝ 2019-ին, անկուսակցական Հովհաննիսյանն անդամակցել է ՔՊ-ին։ Մեզ հետ զրույցում հարցին, թե ինչպես էր հայտնվել «Առաքելություն»-ում, ասաց՝ կուսակցությունից առաջարկ է ստացել ու չի մերժել։ Ի դեպ, Հովհաննիսյանը քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացման որոշման նախաձեռնողներից է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն