Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ներկայացնելով արցախահայերի ծանրագույն վիճակը՝ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը՝ առանց նամակի բովանդակության մանրամասները հայտնելու:

Արցախի նախագահի աշխատակազմը չի մեկնաբանում տեղեկությունը, խորհրդարանական ընդդիմությունը գործընթացից տեղեկացված չէ, բայց կարծում է, որ ստեղծված իրավիճակում նման ուղիղ դիմումը անհրաժեշտ նվազագույն քայլն է, որ պետք է անի Արցախի իշխանությունը։

Ու՞մ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, անպայման երեխաները պետք է սոված մնան, նոր զարթնե՞նք՝ ֆեյսբուքում գրել է Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Գրառմամբ նա շեշտել է՝ արցախցիների բացարձակ մեծամասնությունը հավատացել է ոչ թե ՀՀ կամ Արցախի ղեկավարի, այլ ՌԴ նախագահ Պուտինի խոսքերին, որ Արցախում հայերը ապրելու են անվտանգ ու արժանապատիվ։

«Այսօր մենք ոչ թե ապրում ենք, այլ գոյատևում ենք, մեր լռությունը օր օրի ավելի է ծանրացնում երկրի ու ժողովրդի վիճակը, իսկ նրանք, ովքեր մեզ անվտանգություն, արժանապատվություն ու ազատ տեղաշարժ են խոստացել, ուղղաթիռով իրենց համար ուտելիք են կրում, թողնելով մեզ այսպիսի վիճակում։ Իշխանությունը նամակ է ուղղել Պուտինին, որում ներկայացված է երկրի ու ժողովրդի ծանրագույն վիճակը։ Կարծում եմ, որ եթե վաղը հստակ քայլեր չտեսնենք ՌԴ-ի կողմից, ապա լռելը հավասարազոր կլինի կործանման… Վաղն էլ համբերենք, հետո հրաբուխի պես պետք է պայթենք՝ հանուն մեր երեխաների, հանուն մեր արժանապատվության»:

Արցախի նախագահի աշխատակազմը դեռ չի մեկնաբանել Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի հայտնած տեղեկությունը։ Խորհրդարանական ընդդիմությունն ասում է՝ տեղեկացված չեն նախագահի քայլերից։ Արդարություն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է նաև, որ անցած շաբաթ խորհրդարանում Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ անձամբ է հորդորել ստեղծված իրավիճակում ուղիղ դիմել Ռուսաստանի ղեկավարությանը։ Նրա խոսքով՝ Արցախի իշխանությունները պետք է ոչ ստանդարտ լուծումների գնան։ 

«Արցախի իշխանությունները իրենց վրա պիտի վերցնեն ողջ պատասխանատվությունը՝ նորից օրակարգ բերելու Արցախի միջազգային ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այդ քայլերից մեկը պիտի լինի ուղիղ կապ ստեղծելը ՌԴ-ի հոտ՝ տեսնելով հավաքական արևմուտքի դիրքորոշումը, միջազգային այլ հարթակներում հնչեցված հայտարարությունները»։

Ի դեպ, լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Արցախի խորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ «Ազատ հայրենիքի» ղեկավար Արթուր Հարությունյանը հաստատել է վերջերս ռուսական մամուլի այն տեղեկությունը, որ ԱՄՆ-ն փորձել է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպել երրորդ երկրում։ Հարությունյանի խոսքով՝ Ստեփանակերտը հրաժարվել է մասնակցել, քանի որ այդ բանակցությունները պետք է տեղի ունենային միայն ադրբեջանական օրակարգի շուրջ, մասնավորապես՝ Արցախի քաղաքացիների ինտեգրացիա Ադրբեջանի կազմում։ Արցախի խորհրդարանական ընդդիմությունն այս մասով տեղեկություններ չունի։ Մետաքսե Հակոբյանի խոսքից, սակայն, կարելի է հասկանալ, որ այդ հարցով Արցախում միասնական մոտեցում կա ձևավորված.

«Իհարկե, մեզ համար ընդունելի են բանակցությունները միջազգային ձևաչափով, միջազգային հարթակում, այն էլ, եթե դա հավասար պայմաններով է, այսինքն՝  եթե հավասար բանակցային կողմ է դիտարկվում Արցախը, Արցախի իշխանությունները։ Որևէ այլ տարբերակ չի կարող ընդունելի ու ընկալելի լինել»։

Իր ամերիկյան աղբյուրը վկայակոչելով՝ ռուսական լրատվամիջոցը նաև գրել էր, որ եթե Արցախն այդ առաջարկը մերժի, ապա Ադրբեջանը հակաահաբեկչական գործողություններ կսկսի։ Օրերս Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը հարցման արդյունքներ հրապարակեց, ըստ որոնց հարցվածների 80 տոկոսը կողմ է Արցախում ռազմական օպերացիա ձեռնարկելուն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն