Եթե Հայաստանն շահագրգռված է հասնելու խաղաղությանը, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը». Ալիև
Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպմանը:
«Չնայած Հայաստանը ստիպված է եղել ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն հայկական զինված ուժերի մնացորդներ դեռևս կան «Ադրբեջանի տարածքում», որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»,- նշել է Ալիևը։
Նրա խոսքով՝ այնտեղ գտնվող հայկական ռազմական և կիսառազմական կազմավորումները պետք է զինաթափվեն և զորացրվեն:
Ալիևը նաև բողոքել է, որ Հայաստանը նաև խոչընդոտում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը: