Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Սաակաշվիլիի խոսքով, Զելենսկին ցույց է տվել իր մարդասիրությունը։

«Ինչպե՞ս կարելի է չսիրել Ուկրաինան և չհարգել նրա նախագահին։ Ես մնում եմ Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների խորհրդի նախագահը և, իհարկե, հերոսական երկրի հպարտ քաղաքացին։ Առաջիկա օրերին ռազմաճակատից լավ նորությունների եմ սպասում»,- գրել է Սաակաշվիլին, փոխանցում է Ալիք մեդիան:

Ի դեպ, հուլիսի 4-ին Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին Զելենսկու հրամանով կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։

Հուլիսի 3-ին Զելենսկին հանձնարարել էր արտաքին գործերի նախարարություն կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին՝ ներկայացնելու Կիևի խիստ դժգոհությունը։ Բացի դրանից, նախագահը պահանջել է, որ դեսպանը 48 ժամվա ընթացքում մեկնի Թբիլիսի խորհրդակցությունների, միաժամանակ բանակցություններ սկսել Սաակաշվիլիի՝ Ուկրաինա վերադարձի համար։

Հայտարարություններին նախորդել էր հուլիսի 3-ի Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստում «Նոյեմբերի 7»-ի գործով Սաակաշվիլիի դատավարությունը, որի ժամանակ երրորդ նախագահը ցուցադրել է հյուծված մարմինը՝ դրանում մեղադրելով Վրաստանի իշխանություններին։

Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով Ուկրաինայի կառավարության դիրքորոշումը Սաակաշվիլիի նկատմամբ «վիրավորական է»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն