ՀՀ ՄԻՊ-ը Վլադիմիր Շկոլնիկովի հետ քննարկել է սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների խախտումները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 7-ին, ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից:
«Հանդիպման սկզբում Վլադիմիր Շկոլնիկովը շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային մակարդակում իրականացման կարևորությունը։
Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը ներկայացրել է սահմանային անվտանգությամբ պայմանավորված իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, Սյունիքի, Գեղարքունիքի մարզեր, Երասխ համայնք իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ արձանագրելով, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է։
Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ սահմանամերձ շրջաններում խախտվում են մարդու կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, կրթության, ազատ տեղաշարժի, ինչպես նաև այլ հիմնարար իրավունքներ։
Պաշտպանը խոսել է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակի մասին՝ արձանագրելով, որ ստեղծված իրավիճակը պարարտ հող է նախապատրաստում մարդու հիմնարար իրավունքների շարունակական խախտումների համար:
Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանն անդրադարձել է անհայտ կորած, գերեվարված և զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վերջիններիս ընտանիքի անդամների իրավունքների պաշտանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում վերջիններիս ծնողների և հարազատների հետ, և ներկայացված խնդիրները բարձրաձայնում միջազգային գործընկերների հետ հանդիպումների և հաղորդակցությունների ընթացքում։
Բացի այդ, Պաշտպանը հատուկ ընդգծել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութերի և լուսանկարների տարածման անթույլատրելիությունը։
«Վերջերս Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը հրապարակել էր ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութ։ Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա՝ հանրության կողմից հնարավոր լրացուցիչ թիրախավորվումից զերծ պահելու նպատակով»,- նշել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, որը դրսևորվում է պետական և հասարակական բոլոր մակարդակներում:
«ՄԻՊ աշխատակազմն ամենօրյա մշտադիտարկման է ենթարկում ադրբեջանական մեդիադաշտն ու սոցիալական հարթակները: Հայերի նկատմամբ ատելության խոսքեր են հնչեցվում բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մակարդակով»,- ասել է նա։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մարդու իրավունքների պաշտպանության տարածաշրջանային զարգացումների վիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ապահովան վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ: