Ուկրաինայի Լվով քաղաքի վրա գիշերային գրոհի զոհերի թիվը հասել է 10-ի: Բնակելի շենքի փլատակներից հանելով 10-րդ զոհի մարմինը՝ իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են որոնողական աշխատանքները։

Գիշերային հրթիռակոծությունից ընդհանուր առմամբ տուժել է 45 լվովցի, այդ թվում՝ երեք երեխա, 16 մարդ հոսպիտալացվել է։ Վնասվել կամ ավերվել է 30-ից ավելի տուն, 250-ից ավելի բնակարան, 10 հանրակացարան, երկու բուհ, առողջարանային դպրոց, էլեկտրակայան: Լվովի քաղաքապետը հայտարարել է, որ սա Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր Լվովի քաղաքացիական ենթակառուցվածքի վրա ամենախոշոր հարձակումներից մեկն է։

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ «բարձր ճշգրտության զենքով» հարվածի թիրախը եղել են զորանոցներն ու արևմտյան զրահատեխնիկան:

Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է գիշերային հարձակման մասին նաև Դնեպրի շրջանում, ինչի հետևանքով զոհվել են ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը: Տարածաշրջանը թիրախավորվել է անօդաչու թռչող սարքերով: Տեղի իշխանությունները պնդում են, որ շրջանում խոցվել է 6 կամիկաձե-անօդաչու սարք, որոնցից մեկի բեկորներն ընկել են մայրուղով շարժվող մեքենայի վրա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն