«Արցախգազ» ՓԲԸ-ն սկսել է աստիճանաբար վերականգնել բոլոր բաժանորդների գազամատակարարումը
Հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման արդյունքում կուտակված գազը սկզբում մատակարարվել է միայն ավտոգազալցակայաններին՝ խուսափելու համար լրացուցիչ անվտանգային ռիսկեր առաջացնելուց, տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Այժմ «Արցախգազ» ՓԲԸ աշխատակիցները կատարում են լրացուցիչ տեխնիկական աշխատանքներ՝ բոլոր բաժանորդներին գազի մատակարարման համար համակարգը նախապատրաստելու նպատակով:
Ընկերությունը հորդորում է բոլոր բաժանորդներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել տեղերում, համոզվել, որ գազօգտագործման կետերը անվտանգ են, հեղուկ գազի բալոնները որևէ կերպ միացված չեն գազամատակարարման համակարգին և մնացած բոլոր պայմաններն ապահովված են գազօգտագործման համար:
Նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ՝ «Արցախգազ» ՓԲԸ-ն այսօր սկսել է աստիճանաբար վերականգնել բոլոր բաժանորդների գազամատակարարումը` խնդրելով զգոնությամբ ու համբերությամբ զինվել՝ խուսափելու որևէ դժբախտ պատահարից: