Մինչև հուլիսի 11-ն Արցախի ողջ տարածքում էլեկտրամատակարարումը կլինի շուրջօրյա
Հաշվի առնելով Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնումը և նաև վառելիքի խիստ սղությամբ պայմանավորված ավտոգազալիցքավորման մեծ պահանջարկը՝ կառավարության կողմից որոշում է կայացվել մինչև հուլիսի 11-ի առավոտյան ԼՂ ողջ տարածքում ապահովել շուրջօրյա էլեկտրամատակարարում: Դրա շնորհիվ հնարավոր կլինի կազմակերպել ավտոգազալցակայանների շուրջօրյա աշխատանքը և հնարավորինս մեծ քանակի մեքենաների գազալիցքավորումը:
«Նշված ժամկետում էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծավալի մատակարարումը կազմակերպվելու է Սարսանգի ջրամբարի պաշարների լրացուցիչ օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրանքի ծավալի ավելացման շնորհիվ: Հուլիսի 11-ից էլեկտրամատակարարման համակարգը կրկին գործելու է վեցժամյա հովհարային անջատումների նույն ժամանակացույցով, քանի որ Ադրբեջանը հունվարի 9-ից ի վեր շարունակում է խափանած պահել Հայաստանից ԼՂ էլեկտրամատակարարումը:
Խնդրում ենք բոլորին հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրականությունը՝ խուսափելու համար ցանցի լրացուցիչ ծանրաբեռնվածությունից ու վթարներից: Իսկ ավտոգազալցակայանների աշխատակիցներին ու մեքենաների վարորդներին հորդորում ենք հետևել անվտանգության ու ճանապարհատրանսպորտային երթևեկության բոլոր կանոններին՝ խուսափելու համար պատահարներից ու ավելորդ հերթերից»,- նշված է հաղորդագրության մեջ։