«Հովվի փառատոն». Փախլավայի օր` Գավառում
Հուլիսի 7-9-ը Գավառ քաղաքում անցնում է «Հովվի փառատոնը», որի ընթացքում մասնակիցները բացահայտում են Գավառը, ճանաչում նրա գողտրիկ անկյունները` ականատես լինելով հնուց եկած ազգային ավանդույթների պահպանմանը, ծանոթանում են սարվորի կյանքին ու կենցաղին, մասնակցելով թեմատիկ խաղերի և մրցույթների, համտեսում են տաղավարներում ներկայացված հայկական ավանդական ուտեստները:
Զբոսաշրջիները, կազմակերպիչներն ու կամավորները հուլիսի 7-ին եղել են Գավառի տարածաշրջանի կիկլոպյան ամրոցներում, դիտել են իրական պատմական փաստերի վրա հիմնված թատերական ներկայացումներ’ հենց կիկլոպյան ամրոցների տարածքում:
Հովվի փառատոնի երկրորդ օրն անցկացվել է Գավառ քաղաքից 10 կմ դեպի արևմուտք գտնվող Սուրբ Խաչ լեռան փեշերին:
Փառատոնն ուղեկցվել է սարվորի կյանքի նկարագրական դրվագներով՝ ոչխարի խուզ, կիթ, սարվորի կողմից պատրաստած բնամթերքի ցուցահանդես-վաճառքով, ազգային երգ ու պարով, ազգային խաղ-մրցույթներով, ձիավարությամբ, գառան խաշլամայի ու փռի կարտոֆիլի հյուրասիրությամբ,որոնք պատրաստվեցին տեղում, տեղական արտադրանքների ցուցահանդես-վաճառքով ու պարգևատրումներով:
«Հովվի փառատոնի» 3-րդ օրը «Փախլավայի օրն» է: Միջոցառումը տեղի է ունենում Գավառի կենտրոնական հրապարակում: